Այսօր Վայոց ձորի մարզում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվին գառ մորթեցին:
Դրոշներով ու պլակատներով առաջին նախագահին ողջունելու էին եկել ՀԱԿ-ի մի քանի կողմնակիցներ:
Նրանցից մեկը մոտեցավ Տեր-Պետրոսյանին ու ինչ-որ բան էր ուզում պատմել, բայց խնդրեց լրագրողներին դա չձայնագրել, չտեսանկարահանել, քանի որ իր խոսքերով՝ ինձ մի վնաս կտան: Մեր հարցին, թե` սպառնալիքնե՞ր են եղել, նա պատասխանեց՝ «ոչ մի բան», թեեւ ակնհայտ էր, որ մարդը վախենում էր: Նրա խոսքերով՝ «Ես ուրիշ մարդ չունեմ, ես մենակ մարդ եմ, իմ ախպոր ընտանիքն է իմ հետեւը կանգնած: Ախպերս մահացել է, երեխաները որբ են, նրանց մեծացնելու համար եմ ես պայքարում»: Նրա հորեղբայրը Ռաֆիկ Միքայելյանն է, որը 98-ի նախագահական ընտրություններին եղել է Կարեն Դեմիրճյանի շտաբի պետը՝ Վայոց ձորի մարզում»:
Ուշագրավ է, որ երբ ՀԱԿ-ի «երկրպագուն» Կարեն Դեմիրճյանի խոսքերն էր ուզում մեջբերել, ասաց՝ «հարգարժան Դեմիրճյանը», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ջհանգիրյանը մտածեցին, թե խոսքը Ստեփան Դեմիրճյանի մասին է, անընդհատ այդ մարդուն ընդհատում էին, ասելով՝ «սպասիր, մի պատմիր, հեսա Դեմիրճյանը հասնում է, գալիս է, ուր որ է կհասնի, իր մոտ կպատմես, ըհը՛, եկավ, հիմա կպատմես»: Մարդը, տեսնելով ՀԺԿ նախագահին, պնդեց՝ «չէ, հարգարժա՛ն Դեմիրճյանը, հարգարժա՛նը»: ՀԱԿ անդամները ծիծաղեցին, այնուամենայնիվ, Վայոց ձորի բնակչին ուղղեցին՝ «ասա երջանկահիշատակը»: Իսկ տեսնելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, բնակիչը հիշեց մի տհաճ միջադեպ ու վստահեցրեց, որ Բագրատյանն իրեն կոպտել է: Ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նրան վստահեցրեց, որ եթե կոպտել է, ուրեմն ճիշտ է եղել:
Կարդացեք նաև
ՀԱԿ-ի թիմին դիմավորելու եկած մի կին էլ բողոքում էր, որ «ընդամենը 3 մլն ժողովուրդ է, մի օրվա մեջ դնում են օրենք, որոշում ու 6 ամսվա ընթացքում արդեն ժողովուրդը նորմալ, լավ կապրի»: Ջհանգիրյանը ճշտեց՝ ի՞նչ 3 միլիոն, շատ ես ասում, կինն էլ արդարացավ, թե «կլորացնում է»: Ըստ Ջհանգիրյանի՝ շատ ես կլորացնում, 1/3-ով կլորացնում ես:
Բնակիչները նաեւ Լեւո Տեր-Պետրոսյանին խնդրում էին, որ կուսակցությունը կանգնի ժողովրդի կողքին, ասելով, որ միայն այդ դեպքում կհաղթեն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ