Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանութեան 97-տարելիցի ոգեկոչումը Գերմանիայի մէջ

Ապրիլ 26,2012 19:22

Գերմանիայի մի շարք քաղաքներում` ինչպէս Բեռլին, Քէօլն, Շտուտգարտ, Միւնխէն, Համբուրգ եւ այլն, հայ համայնքը զանազան միջոցառումներով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 97–րդ տարելիցը:

Ոգեկոչման կենտրոնական յուշատօնը տեղի ունեցաւ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որը կազմակերպուել էր Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի կողմից կեանքի կոչուած „24 Ապրիլ-Յանձնախմբի“ կողմից: Յուշատօնը տեղի ունեցաւ Ֆրանքֆուրթ քաղաքի Փաուլսքիրշէ (Սուրբ Պօղոսի տաճար) կոչուած հանդիսասրահին մէջ: Այս սրահին մէջ է, որ տեղի են ունենում համագերմանական նշանակութիւն ունեցող հանդիսութիւններ, յուշ-երեկոներ եւ ոգեկոչման տարաբնոյթ ձեռնարկներ:

Յուշատօնի բացումը կատարեց Կենտրոնական Խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանեանի կողմից, որ կազմակերպիչների անունից ողջունեց շուրջ 700 հարիւր հայ եւ օտար ներկաները, որոնք ժամանել էին Գերմանիայի տարբեր քաղաքներից:

Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկան ՀՀ գերմանիայի դեսպանութեան ներկայացուցիչ Կարէն Մկրտչեանն ու Բեռլինում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յարութիւն Գրիգորեանը:

Հիմնական բանախօսն էր Գերմանիայի Հիւսիս-Հռենոսեան Նահանգի Խորհրդարանի անդամ, իրաւաբան Բերնհարդ Ֆոն Գրիւնբերգը: Իր ելոյթի ընթացքում բանախօսն անհրաժեշտ նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան նիւթը մաս կազմի գերմանական ուսումնական ծրագրին, որպէսզի նոր սերունդը հաղորդ դառնայ մարդկային պատմութեան այս սեւ էջին, որը նախօրինակն էր հրեական ցեղասպանութեան: Հայոց ցեղասպանութիւնը կարելի չէ խնդրայարոյց նկատել, այն փաստ է, որ պէտք է որպէս մարդկայնութեան դէմ իրագործուած ոճրագործութիւն ընդունուի եւ դատապարտուի բոլորի կողմից: Թուրքիան միայն փաստի ընդունմամբ կարող է հաշտուել անցեալի հետ, ինչպէս դա արեց Գերմանիան:

Յուշատօնի յայտագրի մէջ ներառնուած էր նաեւ համերգային ծրագիր` մասնակցութեամբ յայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնեանի եւ երգիչներ Գէորգ Հաջեանի, Գոռ Յարութիւնեանի եւ Սուրէն Մանուկեանի: Համերգային բաժինը տեղի ունեցաւ Հարիւր համերգ Ցեղասպանութեան 100-ամեակինծրագրի շրջանակներում: Վարդան Մամիկոնեանի դաշնամուրային փայլուն կատարումներով հնչեցին Բաբաջանեանի „Էլեգիա“ եւ „Poéme“, ինչպէս նաեւ Ֆրանց Լիստի „Funérailles“ ստեղծագործութիւննրեը:  Տաղանդաշատ դաշնակահարի ընկերակցութեամբ երեք հայ երաժիշտները գեղեցիկ հնչեղութեամբ ներկայացրեցին ինչպէս կոմիտասեան, այնպէս էլ այլ արուեստագէտների ստեղծագործութիւններ արժանանալով բազմահարիւր ներկաների բարձր գնահատանքին:

Յուշատօնը եզրափակուեց Գերմանիոյ Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբէ Վրդ. Իսախանեանի խօսքով: Հայր Սերովբէն հայերէն եւ գերմաներէն իր խօսքում ի մասնաւորի նշեց, որ հայութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում է եւ կը մնայ պահանջատէրը իր իրաւունքների: Եթէ գերմանական կառավարութիւնը իրապէս ցանկանում է նպաստել հայ-թուրքական երկխօսութեան եւ հաշտեցման, ապա Գերմանիան նախ ինքը պէտք է նկատի ունենալով նաեւ իր պատմական պատասխանատւութիւնը յստակ եւ իրաւական ձեւակերպմամբ ընդունի եւ դատապարտի Հայոց ցեղասպանութիւնը եւ ոչ թէ կէս-կատար ձեւակերպումներով դուռ բանայ, որ թուրք ուրացողներն իրենց ուրացման քաղաքականութիւնը տեղափոխեն նաեւ Գերմանիա: „Հայոց ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ գործուած յանցանք է եւ չի կարող այլ կերպ ձեւակերպուել, քան ցեղասպանութիւն: Ցեղասպանն էլ ոճրագործ է, որ պէտք է բնութագրուի իբրեւ այդպիսին: Անկարելի է թոյլ տալ, որ Գերմանիայի տարածքի ցանկացած կէտում այնպիսի մարդատեաց ոճրագործներ, ինչպիսիք են Թալաթն ու Էնվէրն են եւ կամ Բեհահէդին Շաքիրը վերածուեն հերոսների եւ արժանանան պատուի ու յիշատակութեան: Չի կարելի թոյլ տալ, որ ժողովրդավարութիւնն ու խօսքի ազատութիւնը շահագործուեն ուրացողների կողմից եւ մարդատեաց ոճրագործները դառնան պաշտամունքի առարկայ“,- նշեց առաջնորդական փոխանորդը:

Ոգեկոչման կեդրոնական ձեռնարկը իր լրումին հասաւ Հայոց ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների հոգիների խաղաղութեան համար կատարուած Հոգեհանգստեան աղօթքով եւ միասնական արտասանուած Տերունական աղօթքով:

Յուշատօնից առաջ գերմանահայ երիտասարդների կազմակերպութեամբ Ֆրանկֆուրտ քաղաքի կենտրոնում տեղի ունեցաւ քայլարշաւ, որի ընթացքում երիտասարդներն իրենց վճռակամութիւնը յայտնեցին` պայքարելու Հայոց ցեղասպանութեան վերջնական ճանաչման եւ արդարութեան յաղթանակի համար:

 

«24 Ապրիլ-Յանձնախումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30