Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն կուսակցությունները Դեմկուսի՞ց են «պլեճ անում»

Ապրիլ 26,2012 17:57

Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղում Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողներին դժգոհեց, որ իր հետ ոչ մի քաղաքական ուժ բանավեճի մեջ չի մտնում: «Հրաժարվում են դեբատներից, ինչո՞ւ են հրաժարվում, վախենում են, որովհետև մենք ներկայացնելու ենք վերլուծություն, որը հաստատելու է, որ այսօրվա այսպես կոչված կոալիցիայի կուսակցությունները բոլոր հնարավորություններն ունեին իրականացնելու էն խոստումները, որոնք հիմա են տալիս: Հիմա են գալիս-ասում, ես զարմանում եմ արդեն, սկսել եմ կասկածել` կարո՞ղ է մենք չենք այդ սոցիալիստամետ կուսակցությունը, կարո՞ղ է իրենք են: Բայց որ վաղը իրենց հարցնես, կասեն` չէ, չէ, մենք լիբերալ-ազատական կուսակցություններ ենք, բա եթե էդպիսին եք, ու՞ ր եք մեր ասածները կրկնում, ընենց լավ են «պլեճ անում», այ մարդ: Զարմացել եմ, ինչ-որ ասել ենք 10 օր առաջ, այսօր իրենք յուրացրել ու կրկնում են»,- նեղսրտեց Արամ Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ պատրաստ է բանավեճի հրավիրել թե Հանրապետական կուսակցության և թե ՕԵԿ ու «Բարգավաճի» ղեկավարներին, սակայն միաժամանակ վստահեցրեց, որ նրանք կհրաժարվեն: Aravot.am-ի այն հարցին, թե նրանց քաղաքական փո՞րձը չի բավարարում ընդունել հրավերը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Վախը, որովհետև կարելի է կանգնել ամբիոնից, պատրաստի մի զանգվածին ասել, որ գիտեք, ժողովուրդ, մենք այդքան բան արել ենք, պատրաստվում ենք ձեզ նորից խաբել: Հեռուստատեսությամբ, երբ որ օպոնենտ ունի ինքը, որը պետք է բերի, ներկայացնի փաստեր, ես կարծում եմ, որ նրանք իհարկե չեն ուզի: Իմ կարծիքով, պատճառը մեկն է` վախը, բայց ուրիշ անգամ ասում են` մենք ինչու՞ պիտի նրանց հետ դեբատների դուրս գանք , բայց ինչո՞ւ չպիտի դուրս գաք, այդ ո՞վ ասեց, որ դուք Օլիմիպոսի վրա նստածներն եք, ձեր կողքին պտույտ ենք գալիս, հա՞: Քաղաքական ուժ եք, սա էլ քաղաքական միջոցառում է, տվեք այդ հնարավորությունը ժողովրդին ներկայացնելու, ձեր ծրագիրն է լավ, թող գա ձեր հետևից, բայց մի պարտադրեք այս ժողովրդին գալ, քվեարկել ձեր օգտին», -դարձյալ նեղվեց   Արամ Սարգսյանը:

Ըստ նրա, Ազատանը միակն է իր այցելած տեղանքներից, որտեղ, շնորհիվ գյուղապետի, վախի մթնոլորտ չկա: Դեմկուսի առաջնորդի ասելով, մյուս տեղերում մարդիկ իրեն տեսնելիս մոտենում ու անկեղծանում են , թե «հանկարծ որ իմանան եկել ենք ձեր հանրահավաքին կամ ձեր հետ հանդիպման, կարող է խնդիրներ ունենանք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30