Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը » չի՞ վիրավորվում ՕԵԿ-ի հետ համեմատությունից (Տեսանյութ)

Ապրիլ 26,2012 15:38

Aravot.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին խնդրեց մեկնաբանել Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, թե խոսակցությունները «Ժառանգության»՝ իշխանության հետ ինչ-ինչ համագործակցության մասին քաղաքական տեխնոլոգիա է ընտրողների ձայներին տիրանալու համար: Պարոն Մարտիրոսյանը պարզաբանեց. « Չգիտեմ՝ պարոն Նիկոյանն ինչ է ասել, ինչ համատեքստում, բայց «Ժառանգությունը» որևէ խնդիր չունի ձայներ փախցնելու առումով: Մենք ակնկալում ենք քաղաքացիների աջակցությունը մեր նախկինում կատարած աշխատանքի համար: 5 տարվա մեր գործունեությունը ցույց է տվել, թե ինչպիսի քաղաքական ուժ ենք: Մենք ընդամենը մեր աշխատանքի այն ծիլերի բերքն ենք ուզում ստանալ, որ այս տարիներին դրել ենք հողում»:

Հետաքրքրվեցինք՝ Ս. Նիկոյանի մյուս դիտարկման մասին, թե «Ժառանգությունը» իշխանության կյանքը կերել է, պարոն Մարտիրոսյանն ի°նչ կասի: Նա նշեց. «Պարոն Նիկոյանը ճիշտ է ասում, քանի որ թեև թվակազմով քիչ, բայց «Ժառանգությունն»  է եղել այն զսպաշապիկը, որը որոշ դեպքերում հագցրել է իշխանությանը և  անպայման լսելի դարձրել ժողովրդի ձայնը: Ուստի պարոն Նիկոյանի հոգոցն արդարացված է»:

Քաղաքական տեսությունների ներկայումս շրջանառվող շարքից է այն, որ իբր իշխանությունները խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ին փոխարինելու են  «Ժառանգությամբ»: Aravot.am-ը ստացավ պարոն Մարտիրոսյանի մեկնաբանությունը. «Տեսությունները շատ-շատ են, բայց պրակտիկան այն է, որ «Ժառանգությունը» քաղաքացու կողքին կանգնած, հասարակության շահը պաշտպանող քաղաքական ուժ է և իր գործունեությունը կառուցում է դրա հիման վրա: Որևէ մեկի հետ համագործակցությունը պայմանավորում ենք նրանով, արդյոք խնդիրը նույնչափ հրատապ է մեր գործընկերոջ համար, որքան մեզ համար: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ տարբեր հարցերի շուրջ համագործակցել ենք, չեմ խոսում այլ կուսակցությունների մասին: Օրինակ՝ եթե Աստված չանի վաղը պատերազմ լինի, մենք չենք մասնակցելո՞ւ, քանի որ կոալիցիան Հանրապետակա՞նն է, ասելու ենք իրենք են այս երկիրը թալանել, թող իրենք էլ գնան պատերազմե՞ն»:

Այն հարցին՝ «Ժառանգությունն» արդյոք չի° վիրավորվում, որ իրեն ՕԵԿ-ի հետ են համեմատում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.  «Վիրավորվելու խնդիր չկա, դա նորից սև տեխնոլոգիաների հետ կապված հարց է, որն այս տարիների ընթացքում այնքան են մեր նկատմամբ կիրառել, որ մի փոքր ավելի հանգիստ ենք այժմ դա տանում, քան նախկինում: Իմունիտետ ենք ձեռք բերել: Երբ ներսից մաքուր ես, խնդիր չունես: Կարևոր է, որ մարդ, կամ քաղաքական ուժ կարողանա սեփական սկզբունքների հետ համահունչ լինել, և խղճի խայթ չզգալ: Մենք դա չունենք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30