Այսօր կայացած ասուլիսում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր առաջադրված Խոսրով Հարությունյանը առաջարկեց ուշադիր նայել բոլոր այն կուսակցությունների ցուցակները, որոնք հավակնում են ԱԺ-ում մեծամասնություն ունենալ, եւ տեսնել` ի՞նչ կարգի կառավարություն կարող են կազմել այդ կուսակցությունները: «Հիշեք, կարեւոր է ոչ միայն Ազգային ժողովը, այլեւ կարեւոր է, թե ինչպիսի կառավարություն կձեւավորվի, եթե կուսակցությունները գնում են խոստումներ տալու ճանապարհով, ապա խոստումներն իրականություն դարձնելու միակ հնարավորությունը, դրա միակ ինստիտուտը կառավարությունն է: Եթե դուք տալիս եք խոստումներ, ապա դուք պիտի ունակ լինեք ձեր իսկ կազմից ձեւավորելու կառավարություն, որը կդառնա դե ֆակտո ընտրված կառավարություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը եւ առաջարկեց հետաքրքրվել քաղաքական ուժերից` ո՞վ է լինելու ձեր վարչապետը, ձեր գյուղնախարարը, մյուսը, մյուսը…
Իր խոսքերով` այդ հարցում ՀՀԿ ցուցակը մրցակցությունից դուրս է եւ ամեն պահի կարող է ձեւավորել կառավարություն, որովհետեւ մեծ ներուժ ունի. «Մեր ցուցակում առնվազն երեք նախկին վարչապետ, ԱԺ երեք նախկին նախագահ, Երեւանի վեց նախկին քաղաքապետ կա: Մենք նման փորձառություն ունենք, չհաշված մեր երիտասարդ ուժերին, որոնց նայում, հիանում եմ, որոնց միայն որոշակի փորձն է պակասում, այն էլ ձեռք կբերեն: Դե թող մյուսները ասեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ