Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ 12 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանը խոսեց «Քաղաքական հնոտին շանսեր չունի» թեմայի շուրջ: Բանախոսը կարեւորեց այն հանգամանքը, որ ներկայիս քաղաքական դաշտում առավել ակտիվ է երիտասարդությունը. «Քաղաքական հնոտին ինքնակամ չի լուծարվի, դրա համար երիտասարդությունը պետք է զգացնել տա իր ներկայությունը եւ հասկացնի, որ վաղ թե ուշ նոր երակ է մտցնելու քաղաքական դաշտ»,-ասաց Գ. Վեզիրյանը:
Վերջերս Կարեն Քոչարյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, թե «մինչ Գոհար Վեզիրյանը քյալլա էր տալիս ՀԱԿ-ի համար, Տիգրան Տեր-Պետրոսյանը հանգստանում էր Դուբայում»: Հարցի շուրջ Գ. Վեզիրյանը նշեց, որ պայքարել է ոչ թե ՀԱԿ-ի, այլ իր համար. «Ես այդ ժամանակ ունեցել եմ քաղաքական գիտակցություն այն մասին, որ այս երկրում պետք է փոփոխություններ լինեն: Բացի ՀԱԿ-ից, ուրիշ պայքարող օջախ չի եղել, հետեւաբար՝ այդ ուժի շրջանակներում եմ պայքարել: Ես քյալլա եմ տվել եւ շարունակելու եմ քյալլա տալ լավ Հայաստան ունենալու համար»:
Անդրադառնալով պատգամավորության թեկնածուների շուրջ ծավալվող սեւ PR-ին, Գ. Վեզիրյանը նշեց, որ լրատվամիջոցները նախընտրում են լուսաբանել անձնական վիրավորանքները՝ ելնելով հանրային պահանջից. «Ես գիտեմ, թե ովքեր են իմ հասցեին վիրավորանքներ ասել, բայց այդ անունները կհայտնեմ ընտրություններից հետո: Թեկնածություն առաջադրած լրագրողները չեն նախընտրում բանավիճել հայհոյախառն թեմաների շուրջ»:
Գ. Վեզիրյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել է իր 130 պոկված պաստառ, որոնց տեղում փակցված են եղել Լյովա Խաչատրյանի եւ Արթուր Բաղդասարյանի պաստառները, ինչի արդյունքում շտաբը դիմել է ոստիկանություն. «Բացի այդ, բողոքներ ենք ստացել, թե իմ պաստառները օրենքով սահմանված տեղերում չեն փակցված: Բայց եթե համախոհներս խնդրում են տալ, հետո էլ փակցնում են, օրինակ՝ խանութների պատերին, դա ես չեմ կարող վերահսկել, դա ոստիկանության գործն է»,-ասաց պատգամավորության թեկնածուն:
Կարդացեք նաև
Գոհար Վեզիրյանը ԱԺ-ում պատրաստվում է պաշտպանել թե ընդդիմադիր, թե իշխանամետ գաղափարներ ունեցող համաքաղաքացիներին. «Շարունակելու եմ մնալ անկուսակցական, քանի որ չկա այն ուժը, որի գաղափարների կրողն եմ»:
Գ. Վեզիրյանի խոսքով՝ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ կան. մասնավորապես, մեկ տան վրա գրանցված է եղել 100 մարդ. «Մանուշակի շենքում ապրողներին գրանցել են Կենտրոն համայնքում, իսկ Ապարանից եկածներին՝ Մանուշակի շենքում: Դիմել ենք ոստիկանություն ու մինչ օրս պատասխան չենք ստացել»:
Ամփոփելով՝ Գոհար Վեզիրյանը նկատեց, որ պետք է խաչ քաշել քաղաքական հնոտու վրա եւ տեղ տալ երիտասարդ պատգամավորներին. «ԱԺ-ի անգրագետների ձայնը գրագետների ձայնով պետք է լռեցնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ