Եղեգնաձորում առաջադրված ՀԱԿ թեկնածու Ավետիկ Ավետիսյանը այսօր Կոնգրեսի քարոզարշավին պատմեց, թե ինչ է կատարվել մի քանի օր առաջ Եղեգնաձորում, երբ Սերժ Սարգսյանը քարոզարշավի է գնացել այնտեղ. «Մի ահավոր տեսարան էր. փակվել էին բոլոր դպրոցները, հիվանդանոցները, պարալիզվել էր ամբողջ կրթական համակարգը այդ օրը: Մանկահասակ երեխաները դրոշները ձեռքը եկել էին այստեղ: Հարց է առաջանում. իրենք հաշիվ տալի՞ս են իրենց արածներին, հասկանո՞ւմ են, որ խեղում են մեր երեխաներին, նրանց ապագան: Գյուղապետերը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են, որպեսզի թույլ չտան հանդիպում մեզ հետ, որովհետեւ յուրաքանչյուր գյուղապետ պարտադրանք ունի՝ տոկոս պիտի բերեն»:
Հրանտ Բագրատյանն այս անգամ հայտարարեց. «ՀՀ նախագահը բարդույթի մեջ է, վարչապետին թույլ չի տալիս խոսել: Ողորմելի բարդույթի մեջ ընկած գողեր են, ուրիշ ոչինչ: Հաճախ մեզ հակադարձում են, թե եղել է համաշխարհային ճգնաժամ: Մենք ասում ենք, որ ճգնաժամը ձեր գլխում է, որովհետեւ ճգնաժամը տեւել է մեկ տարի: Հինգ տարվա մեջ մենաշնորհների դիրքով 139 երկրների մեջ 138-րդ տեղում ենք, մեկն է մեզանից հետ, այն էլ Վենեսուելան է: Այն էլ այնպիսի երկիր է, որ եթե կինը ականջօղով ման գա՝ կփախցնեն- կտանեն: Այդ կարգի երկիր է»:
Բագրատյանը նաեւ վստահեցրեց, որ թերսնում ունի բնակչության ուղիղ կեսը. «Մենք խոստանում ենք, որ տնտեսությունը կաճի, մենք որեւէ խնդիր չենք տեսնում եռապատկելու թոշակը: Որովհետեւ այդ փողը կա՝ չեն տալիս: Ինչ ուզում են մեր հետեւից ասեն, մենք այդպիսին չենք եղել: Ես ձեզ հավատացնում եմ, որ Սերժ Սարգսյանը իր բոլոր օլիգարխների հետ գնալու է բանտ: Այդ բոլոր մականունավորների տեղը բանտն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ