Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ կանանց բռնցքամարտում էլ օլիմպիական խաղերի մասնակից ունենանք

Ապրիլ 26,2012 14:13

Կանանց սիրողական բռնցքամարտն առաջին անգամ է մտել օլիմպիական խաղերի ծրագիր

Մեզ համար դեռ անսովոր այս մարզաձեւի ներկայացուցիչներն ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ռինգում չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու են երեք քաշային կարգերում՝ 51, 60 եւ 75: Իսկ դեպի Լոնդոն տանող միակ ճանապարհը կին բռնցքամարտիկների համար անցնում է Չինաստանով, որտեղ մայիսի 10-ից 20-ը կայանալու է աշխարհի կանանց առաջնությունը:

Հայաստանից այդ մրցաշարին մասնակցելու է երկու հոգի՝ 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը (լուսանկարում՝ ձախից, նա բնակվում եւ մարզվում է Շվեդիայում) եւ 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը: Ներկայումս երկուսն էլ ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանում:

«Առավոտը» երեկ զրուցեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ:

– Պարոն Մեհրաբյան: Դուք զբաղեցնում էիք տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը…

– Այո: Իսկ հիմա գլխավորում եմ կանանց բռնցքամարտի հավաքականը:

– Հայաստանում կանանց բռնցքամարտ, որպես այդպիսին՝ գոյություն ունի՞:

– Պատկերացրեք՝ այո: Եվ առաջին քայլերն է անում: Հիմա մեր հավաքականում շուրջ 20 աղջիկ է մարզվում: Ճիշտ է, նրանք դեռ հեռու են միջազգային մրցումներում լուրջ հաջողությունների հասնելու մակարդակից, սակայն կարեւորն այն է, որ գործ արվում է:

– Այսինքն՝ կանոնավոր մարզումներ անցկացվո՞ւմ են:

– Այո:

– Բայց առաջընթաց ունենալու համար նախ ֆինանսական միջոցներ եւ մրցակցություն է հարկավոր:

– Համաձայն եմ: Կանանց բռնցքամարտը մեր հանրապետությունում առայժմ պետական ֆինանսավորում չունի: Այն պահում է ֆեդերացիան: Իսկ քաշային կարգերում մրցակցության խնդիր, իրոք, գոյություն ունի: Այդ բացն առայժմ աշխատում ենք լրացնել մարզումների եւ հավաքների ժամանակ տղաների էլ ներգրավելով: Նրանք շատ են օգնում:

– Այդպես երկա՞ր է շարունակվելու:

– Առայժմ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Ուզում ենք անել մեզանից կախված ամեն բան, որպեսզի գոնե եկող տարվանից կանանց բռնցքամարտն էլ պետությունից ֆինանսավորվի:

– Ի՞նչ ասել է՝ հնարավոր ամեն բան:

– Հիմա մեր երկու աղջիկներ՝ 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը եւ 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը պատրաստվում են մեկնել աշխարհի առաջնություն: Եթե նրանք այնտեղ հաջող հանդես գան, արդյունք ցույց տան, կարծում եմ, դա եկող տարվանից պետությունից համապատասխան վերաբերմունքի հիմք կլինի:

– Իսկ աշխարհի առաջնությունում, որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում, մեր աղջիկները վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն ունե՞ն:

– Պիտի պայքարեն: Օրինակ՝ Արմինեն Եվրոպայի անցած տարվա առաջնության եզրափակչի մասնակից է: Եվ նրա հետ, հասկանալի է, որոշակի հույսեր կապում ենք: Բայց դա չի նշանակում, թե Աշխենը հենց այնպես է մեկնում մրցավայր:

– Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար Չինաստանում ի՞նչ տեղ պետք է զբաղեցնել:

– Գիտե՞ք, հաշվարկը կանանց բռնցքամարտում մի փոքր այլ կերպ է ընթանալու: Չինաստանում յուրաքանչյուր քաշային կարգում տարբեր աշխարհամասերի տարբեր քանակությամբ վարկանիշային տեղեր են հատկացված: Մենք ներկայացնում ենք Եվրոպան, որին հատկացված է երեքական ուղեգիր: Հետեւաբար, մեր աղջիկներն իրենց քաշային կարգերում պիտի առնվազն եվրոպացիների մեջ տեղ զբաղեցնեն երեք լավագույնների մեջ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30