Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրազգային հանցագործությունները տարբեր դրսեւորումներ ունեն

Ապրիլ 26,2012 13:49

Հայերի կատարմամբ Հայաստանի սահմաններից դուրս հանցագործությունների թի՞վն է ավելացել, թե՞ Հայաստանի իրավապահներն են ինտեգրվել միջազգային իրավական համայնքում՝ գործընկերոջ կարգավիճակով: Այս եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց դատավարական իրավունքների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ:

– Պարոն Դանիելյան, պաշտոնական տվյալների համաձայն, 2011 թվականին գրեթե կրկնակի անգամ ավելացել է տարբեր քրեական գործերով այլ երկրների իրավապահ մարմիններից ստացվող միջնորդությունների թիվը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայերն ավելի շատ են սկսել հանցագործություն անել արտերկրում:

– Վերջին տարիներին դատախազությունն իսկապես ընդլայնել է միջազգային իրավական ոլորտում համագործակցության շրջանակները եւ ձեռք ենք բերել վստահելի գործընկերոջ համարում: Հետեւողական աշխատանքներ են տարվել ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ: Այսինքն՝ կնքվում են իրավական փոխօգնության վերաբերյալ երկկողմանի համաձայնագրեր եւ ակտիվորեն ներգրավվում ենք միջազգային կառույցների աշխատանքներում: Բավական է միայն նշել, որ վերջերս միջազգային կարեւորության 2 մեծ միջոցառում տեղի ունեցավ Երեւանում՝ նախ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը, ապա նաեւ՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Այս համագործակցությունը բնավ էլ ինքնանպատակ չէ: Անդրազգային հանցագործությունները տարբեր դրսեւորումներ ունեն, հանցավոր խմբավորումները եւ անհատ հանցագործները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ այլ երկրներ փախուստի դիմելով, որոնց դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել տարբեր երկրների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, համագործակցության, տարբեր հանցատեսակների դեմ պայքարի քննության մեթոդիկայի փորձի փոխանակման միջոցով: Այս առումով, իրոք, վերջին տարիներին կարողացել ենք դրական արդյունքի հասնել, մի շարք երկրների իրավապահ մարմինների հետ ձեւավորվել են համագործակցության ռեալ կառուցակարգեր, եւ որ ամենակարեւորն է՝ փոխվստահության մթնոլորտ: Եվ վիճակագրական տվյալների աճը ուղղակի դրա ակնառու վկայությունն է: Ինչպես նշեցիք, 2011 թվականին կտրուկ ավելացել է օտարերկրյա համապատասխան մարմինների հետ փաստաթղթաշրջանառությունը: Եթե 2011 թվականին մենք ստացել ենք 4013 հարցում եւ ուղարկել շուրջ 2915-ը, ապա 2010 թվականին այս ցուցանիշներն անհամեմատ համեստ էին՝ ստացվել էր 1700 հարցում, ուղարկվել՝ 1681-ը:

Եվ հենց այս համագործակցության արդյունքում է, որ ի հայտ եկան նաեւ մի շարք խնդիրներ, բացեր, որոնք պահանջում էին օրենսդրական կարգավորումներ: Մասնավորապես՝ պրակտիկայում ի հայտ եկան օրենսդրական բացեր Հայաստանում հայտնաբերված հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու, հանձնելու ընթացակարգերի հետ կապված, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 30 պրիմ հոդվածի կիրառման առումով, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետությանը հանձնելու ընթացակարգ…

– Կներեք, ուզում եք ասել, որ արտասահմանում հանցագործություն կատարած եւ Հայաստանում հայտնաբերված ՀՀ քաղաքացուն մեր օրենսդրությունը թույլ է տալիս հանձնել այլ պետության պահանջո՞վ: Եղել են բազում դեպքեր, երբ մերժվել է քաղաքացու հանձնումը նրա ՀՀ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ:

– Մինչեւ վերջերս մեր օրենսդրությամբ արգելքը միանշանակ էր: 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն ուղղակի արգելում էր ՀՀ քաղաքացու հանձնումը: Սակայն 2005 թվականին Սահմանադրությունում կատարված փոփոխությունների արդյունքում, ինչպես արդեն նշեցի, լրացվեց 30 պրիմ հոդվածով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Այսինքն՝ նախատեսվել է հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն հանձնելու հավանականություն: Բայց օրենսդրությամբ կանոնակարգված չէր, թե, օրինակ, ով պետք է իրականացներ միջազգային իրավական վարույթը: Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելիս ո՞ր դեպքում կարելի է ձերբակալել, կարելի՞ է նրան ձերբակալված անձանց պահելու վայրերում պահել, թե՝ ոչ, նրան կալանքի տակ վերցնելու համար ո՞վ պետք է դիմի դատարան: Իսկ սրանք այն հարցադրումներն են, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ:

Խնդիրներն ի մի բերելու համար միջազգային իրավական կապերի բաժինը նախ ուսումնասիրեց իրավիճակը՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Համադրվեց պրակտիկան ու օրենսդրությունը, օրենսդրական բացերը, որոնք երբեմն տարակարծության տեղիք էին տալիս եւ հարցը քննարկվեց ՀՀ դատախազության կոլեգիայում: Գլխավոր դատախազը հանձնարարեց մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ուղղված օտարերկրյա պետություններում հանցանք կատարած եւ Հայաստանում հայտնաբերված օտարերկրյա անձանց ձերբակալման ժամանակ հանձնման նպատակով կալանավորման իրական ընթացակարգին:

– Որքանով տեղյակ ենք, ներկայումս գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մշակում է քրեական դատավարության նոր օրենսգիրք: Ինչ կարիք կա փոփոխություններ կատարել մի օրենքում, որը, այսպես թե այնպես, փոխվելու է:

– Այո, դատաիրավական բարեփոխումների համատեքստում մշակվող նոր օրենսգրքի ընդունումը առաջիկա ամիսներին չի նախատեսվում: Ներկայիս խորհրդարանն արդեն ավարտում է իր լիազորությունները, սակայն օրենսդրության մեջ կային բացեր, որոնք հրատապ լուծում էին պահանջում, ուստիեւ չսպասեցինք նոր օրենսգրքի ընդունմանը եւ մի շարք փոփոխություններով եւ լրացումներով առաջարկեցինք կանոնակարգել ի հայտ եկած օրենսդրական բացթողումները: Ի պատիվ խորհրդարանի՝ առաջարկված փոփոխությունները կարեւորվեցին եւ փոփոխություններն ու լրացումներն ընդունվեցին: Մասնավորապես, որոշակի բարդություններ էին առաջանում «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի եւ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի միացած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող անձանց Հայաստանում կալանավորելու ընթացակարգերի հետ կապված: ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ կալանավորված յուրաքանչյուր անձ պետք է տարվի դատավորի մոտ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող անձանց կալանավորելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելու ընթացակարգը: Այսինքն, խնդիր կար Քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանն ու Եվրոպական կոնվենցիաների պահանջներին: Եվ առաջարկեցինք փոփոխություններ եւ լրացումներ կատարել ինչպես Քրեական դատավարության օրենսգրքում, այնպես էլ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում:

– Պարոն Դանիելյան, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին կալանավորելու համար անհրաժեշտ է Հայաստանի դատարանների համաձայնությո՞ւնը, թե՞ հետախուզում հայտարարած երկրի ներկայացրած փաստաթղթերը կարող են բավարար լինել:

– Սրանք հենց այն հարցերն են, որոնք մենք փորձել ենք կարգավորել առաջարկվող փոփոխություններով: Եվ ուրախ եմ, որ խորհրդարանը նույնպես կարեւորեց հարցը եւ ընդունեց: Կարող եմ ասել, որ արդեն ընդունված փոփոխությունների համաձայն՝ արտերկրում հանցագործություն կատարած եւ Հայաստանում հայտնաբերված անձի ձերբակալման մասին պետք է անհապաղ տեղյակ պահվի ՀՀ գլխավոր դատախազությանը, որն էլ իր հերթին ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո անհապաղ այդ մասին պետք է հայտնի հետախուզում հայտարարած երկրի իրավապահ մարմիններին եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Անձը կարող է ձերբակալված մնալ 72 ժամ, ինչպես մեր երկրում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց պարագայում: Հանձնելու նպատակով հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ կալանավորումը կարող է կիրառվել մինչեւ 40 օր ժամկետով, եթե միջազգային պայմանագրերով այլ ժամկետ նախատեսված չէ: Ժամանակավոր կալանավորումը կարող է կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ: Ընդ որում՝ միջնորդությունը պետք է ներկայացնի դատախազը՝ կից ներկայացնելով ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, դատավճիռը: Ուզում եմ արձանագրել, որ դատախազությունը իրավասու է զբաղվել բացառապես մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող եւ Հայաստանում հայտնաբերված անձանցով, իսկ եթե հետախուզվողն արդեն ունի ամբաստանյալի կարգավիճակ կամ դատապարտյալ է, այլ խոսքով նրա վերաբերյալ քրեական գործը հետախուզում հայտարարած երկրում գտնվում է դատարանի վարույթում կամ արդեն իսկ կայացվել է դատավճիռ, ապա նրանց հարցերով արդեն պետք է զբաղվի արդարադատության նախարարությունը:

– Կներեք, Դուք նշեցիք, թե անձը կարող է կալանավորվել մինչեւ 40 օր ժամանակով, մինչդեռ առաջարկվող փոփոխությունների մեջ խոսվում էր 2 ամսվա մասին նաեւ:

– Դրանք էապես տարբեր եւ իրար փոխլրացնող, փոխկապակցված իրավական ընթացակարգեր են: Մի պարագայում խոսքը վերաբերում է արտերկրում հանցագործություն կատարած անձի ժամանակավոր կալանավորման մասին, իսկ մյուս դեպքում՝ հանձնելու համար կալանավորելու: Ժամանակավոր կալանավորումը, ինչպես արդեն նշեցի, կարող է կիրառվել 40 օր ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ հետախուզում հայտարարած երկրի միջնորդությունը ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Իսկ հանձնելու նպատակով կալանավորումը՝ 2 ամսով: Ընդ որում՝ օրենսդիրը շատ հստակ ամրագրել է, որ ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում հանձնելու վերաբերյալ միջնորդություն չստանալու դեպքում անձը պետք է ազատ արձակվի: Նա ենթակա է անհապաղ ազատ արձակման, եթե նաեւ մեր՝ ներպետական դատական ատյանները մերժեն հանձնելու համար կալանավորելու միջնորդությունը կամ պարզվեն հանձնումը բացառող հանգամանքները:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30