Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է վերահսկում «ռուսաստանյան շենգեն» վիզայով ՀՀ-ից հեռանալու բիզնեսը

Ապրիլ 26,2012 13:43

Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ում գործող եվրոպական դեսպանատներից «շենգեն» վիզաներ են ստանում՝ մեկ օր անգամ Ռուսաստանում չլինելով:

Սրանք այն քաղաքացիների փաստաթղթերի պատճեններն են, որոնք օգտվել են ռուսաստանյան «շենգեն վիզայի» ծառայությունից:

Այս օրերին իրավապահ մարմինների աչքից զարմանալիորեն վրիպել են List.am կայքում տեղադրված մի քանի հայտարարություններ, որոնց հեղինակները, մեղմ ասած, հանցանք են գործում, էլ չենք ասում, որ մեծ գումարներ աշխատելով՝ մեր երկրից համակարգված արտագաղթ են կազմակերպում:

Կեղծանունների տակ թաքնված որոշ մարդիկ, հազարավոր եվրոների դիմաց, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են «շենգեն» վիզաներ: Սակայն եթե մինչ այս «շենգեն» վիզայի գործ անողները մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատների միջոցով էին «շենգեն» դասավորում, ապա այժմ միջնորդները խոստանում են այդ վիզաները «սարքել» Ռուսաստանի Դաշնությունում գործող դեսպանատներում: Այսինքն՝ Հայաստանում բնակվող եւ իր կյանքի ընթացքում Ռուսաստանի երես չտեսած ՀՀ քաղաքացին կարող է հեշտությամբ վիզա ստանալ, ասենք՝ Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատնից: Հայտարարության տեքստի համաձայն, հայաստանցին վճարելով 4500 եվրո, կստանա եվրոպական իր նախընտրած երկրի մուտքի արտոնագիր: Հայտարարության հեղինակները 100 տոկոսանոց երաշխիքներ են խոստանում: Նրանք այնքան վստահ են գործը գլուխ բերելու հարցում, որ անգամ գումարը ոչ թե գլխանց են վերցնում, այլ անձնագրում վիզայի առկայության դեպքում: ՀՀ քաղաքացուց նույնիսկ չի պահանջվում Ռուսաստան մեկնել. անձնագիրը տանում են, վիզան խփում ու բերում: Այս մանրամասները ճշտեցինք, երբ List.am-ում նշված axrana31@

mail.ru եւ [email protected] էլեկտրոնային հասցեներով նամակ գրեցինք հայտարարության հեղինակներին: Նշելով, որ ցանկանում եմ «շենգեն» ստանալ, հետաքրքրվեցի, թե ինչքա՞ն գումարով են գործը սարքում, որքա՞ն ժամանակում վիզան պատրաստ կլինի, արդյոք որեւէ խնդիր չե՞մ ունենա իրավապահների հետ սահմանը հատելիս եւ այլն: Հարցրել էի նաեւ, թե լինելով ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս պետք է այլ երկրի դեսպանատներն ինձ վիզա տան, երբ ո՛չ ՌԴ-ում գրանցում ունեմ, ո՛չ էլ ժամանակավորապես բնակվում եմ այնտեղ: Նկատենք, որ սրանք այն կարեւոր պայմաններից են, որոնց առկայության պարագայում միայն շենգենյան երկրների մասին օրենքը թույլ է տալիս այդ երկրում գործող դեսպանատներից «շենգեն» վիզա ստանալ, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանում տվյալ եվրոպական երկիրը ներկայացուցչություն չունի:

Առաջին նամակիս պատասխանեցին, որ վիզան բացելու են Ֆինլանդիայի դեսպանատանը, քանի որ մեր երկրում Ֆինլանդիան չունի ներկայացուցչություն. «Դրա համար ձեր անձնագիրը ուղարկում ենք Մոսկվա՝ վիզան խփում են: Եվ դուք վճարում եք 3400 եվրո»:

Սակայն երբ անվտանգության հետ կապված երաշխիքներ ուզեցինք եւ հիշեցրինք, որ հայտարարության մեջ նաեւ եվրոպական այլ երկրների մասին է խոսք գնում, ծպտյալ միջնորդը պատասխանեց. «Ուրեմն շենգեն վիզան բացվում է մեկ ամսվա ընթացքում, գումար չեք տալիս, վիզան քսերոքս եմ անում՝ տալիս, դուք ճշտում եք իսկությունը, նոր վճարում: Ինչի՞ մենք մեզ պրոբլեմ պիտի սարքենք, վիզան բացվում է տվյալ պահին ազատ տեղ ունեցող դեսպանատանը»:

Մեկ այլ՝ «աննախադեպ առաջարկով» հանդես եկող միջնորդ էլ ընդամենը 2800 եվրոյով է գործը դասավորում՝ խոստանալով 1 ամսվա ընթացքում ձեզ ուղարկել Եվրոպա. «Սկզբում վճարում եք գումարի ընդամենը 10 տոկոսը, իսկ մնացածը՝ վիզան ստանալուն պես»,- խոստանում է «շենգենի «մասնագետը»:

Դժվար թե այս ամենի մասին մեր իրավապահ մարմինները տեղյակ չլինեն, հատկապես՝ որ հարցն ուղղակիորեն առնչվում է մեր երկրի ազգային անվտանգությանը: Դատելով «շենգենի գործ» անողների անվախ եւ բացահայտ գործելաոճից՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ իրենց հերթին անվտանգության երաշխիքներ են ստացել ՀՀ իրավապահ մարմիններից: Հակառակ դեպքում մեր երկրի սահմանապահների մոտ պետք է գոնե տարրական հարց առաջանար, թե իր անձնագրում ոչ մի անգամ Ռուսաստանի մուտքի կնիք չունեցող ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է «շենգեն» վիզան ստացել Մոսկվայում գործող եվրոպական երկրների դեսպանատներից: Այն դեպքում, երբ դեսպանատուն մտնելու համար անձի ներկայությունը հիմնականում պարտադիր է:

«Առավոտի» աղբյուրների հավաստմամբ՝ այդ ճանապարհով վերջին շրջանում արդեն իսկ «շենգեն» վիզա են ձեռք բերել եւ Հայաստանից հեռացել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց գործերը միջնորդները դասավորել են ՌԴ-ում գործող Իսպանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի դեսպանատներում:

Ներկայումս մեր ձեռքի տակ են մի շարք անձանց անձնագրերի պատճեններ, որոնք Հայաստանից ընդմիշտ մեկնել են մեր նշած ճանապարհով: Նրանցից որեւէ մեկին սահմանապահները, որոնք ազգային անվտանգության աշխատակիցներ են, սահմանի վրա «չեն նեղացրել», հարցուփորձ չեն արել:

Նույնիսկ վիճակագրական տվյալներ են փաստում, որ մեր երկրից նոր թափով արտագաղթ է սկսվել: Միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում մեր երկրից մոտ 66 հազար մարդ ավելի է մեկնել, քան ժամանել: Որոշ հաշվարկներով էլ, 2011-ին Հայաստանից վերջնականապես արտագաղթել է 45 հազար քաղաքացի:

Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հանուն Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն որդեգրած ՀՀ կառավարությունը ընդամենը մի քանի տարի հետո պետք է սկսի ծրագրեր մշակել դատարկ Հայաստանը բնակեցնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. «Շենգեն» վիզայի միջնորդները, որոնք ՀՀ քաղաքացիներին վիզա են բացում ՌԴ-ում, նույնիսկ Հայաստանում գործող եվրոպական դեսպանատների գործին են «խփում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30