Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեն-մենակ՝ Կորեայում, բայց հաղթանակած՝ մրցույթում

Ապրիլ 26,2012 14:08

ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 2000 թվականից, պետք է լինի առաջին հերթին լավագույն երիտասարդ արվեստագետներին խրախուսելու միջոց: Անցյալ տարի մրցույթի «Երգեցողություն» անվանակարգում մրցանակակիր չգրանցվեց, իսկ հիմնական հավակնորդ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը (բաս), 27 տարին լրանալու կապակցությամբ, այլեւս չի կարող մասնակցել հիշյալ մրցույթին: Այս օրերին օպերային երգիչը Հայաստանը ներկայացնում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնում, որտեղ «Երգեցողություն» անվանակարգում մասնակցում է եւս 150 երգիչ: Նախօրեին Ազգային օպերային թատրոնից լուր ստացանք, որ Հայկ Տիգրանյանը արժանացել է 2-րդ մրցանակի, 1-ինը Իտալիայի ներկայացուցիչն է, իսկ 3-րդ մրցանակը կիսել են Բելառուսի եւ Լեհաստանի ներկայացուցիչները:

«Առավոտը» կապվեց Հայկ Տիգրանյանի հետ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Կորեայում տոնական տրամադրություն է՝ նշվում է հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակը. «Մրցույթ-փառատոնին մասնակցում են նաեւ հրավիրված արտիստներ Մալայզիայից, Կուբայից, Ֆինլանդիայից, Մոնղոլիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, նույնիսկ Ամերիկայից եւ այլ երկրներից, որոնք Կորեայի հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ»: Հայկը նշեց նաեւ, որ ինքը միակ օպերային երգիչն էր, որը տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Փխենյանի օպերային թատրոնում, կատարելով Գրեմինի արիան՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Երգչի փոխանցմամբ՝ ինքն այդ պատվին արժանացել է ժյուրիի առաջարկով: Հարցին՝ հնարավոր չէ՞ր հանդես գալ արիայով հայկական որեւէ օպերայից, Հայկն ասաց. «Բացի մրցութային օրերից, կորեացի կոնցերտմայստերի հետ ունեցել եմ 5 համերգ, իսկ առաջին փուլում կատարել եմ Դավիթ-Բեկի արիան՝ Տիգրանյանի «Ալմաստ» օպերայից»: Այս օրերին Փխենյանում են նաեւ մենեջերներ տարբեր օպերային թատրոններից, ուստի հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են համագործակցության առաջարկներ: «Ոչ պաշտոնական առաջարկներ ստացել եմ Մինսկի, Քիշնեւի օպերային թատրոններից, իսկ աշնանը Լիպեցկում կայանալիք ավանդական դասական փառատոնի բացմանը երգելու հրավեր եմ ստացել»,- հայտնեց Հայկ Տիգրանյանը: Մեր զրուցակիցը նեղսրտեց, որ մրցույթ-փառատոնի բացմանը, երբ պետությունները ներկայանում էին պատվիրակություններով, ինքը մենակ էր՝ «Հայաստան» ցուցանակի տակ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30