Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն լեգիտիմացնում են ԲՀԿ-ի մուտքը ընդդիմության դաշտ»

Ապրիլ 26,2012 13:28

Համոզված է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը

Վերջին շրջանում «Ժառանգությանը» պարբերաբար քննադատում են ՀՀԿ-ի հետ «սիրավեպ» ունենալու մեջ: Երեկ Aravot.am-ը կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ վերջին շրջանում կա՞ կուսակցության վերաբերմունքի փոփոխություն իշխող կուսակցության նկատմամբ: Ըստ նրա՝ «Մեր հռետորաբանությունից պետք է թե՛ հասարակությունը, թե՛ մամուլը տեսներ, որ նման մեղադրանքներն անհեթեթ են: Այն, որ մենք շարունակում ենք նույն ուժգնությամբ քննադատել կոալիցիոն բոլոր կուսակցություններին, բոլորն են տեսնում»: Մեր դիտարկմանը՝ Ձեզ մեղադրում են, որ «Ժառանգության» քննադատությունը նմանվում է արդեն «գեղամյանական» քննադատության՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ինչո՞վ, որ մենք միայն ՀՀԿ-ի՞ն չենք քննադատում իրենց պես, դրա՞ համար: Իրենք ասում են՝ դուք միայն ՀՀԿ-ին պետք է քննադատեք, իսկ եթե դուք միայն ՀՀԿ-ին չեք քննադատում, այլ նույն կերպ ԲՀԿ-ին կամ «Օրինացին» եք քննադատում, ուրեմն դուք ՀՀԿ-ի հետ ինչ-որ բաների մեջ եք»: Մեր հարցին՝ ԲՀԿ-ն քայլ արեց, միացավ միասնական շտաբին, դա հիմք չի՞ տալիս հավատալու ԲՀԿ-ին՝ նա պատասխանեց. «Ստորագրությունը դեռ քայլ չի, կոնկրետ գործելն է քայլ: Այսօր ի՞նչ է անում «Բարգավաճը»՝ շարունակում է կեղծ բարեգործությունները, որը մենք սկզբից ասել էինք, որ պետք է արգելվի: Բայց նրանք շարունակում են անել»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գուցե իր կրթությունը չի ներում, բայց իր համար անհասկանալի է «Ժառանգության» վարքը՝ միասնական շտաբի հետ կապված: Այս առնչությամբ Խուրշուդյանն առաջին նախագահի համար մանրամասն բացատրեց, թե ինչ են իրենք մտածում. «Այն, ինչ պետք է անի միասնական շտաբը, «Ժառանգությունն» արդեն 5 տարի է՝ անում է: Այդ միասնական շտաբում «Ժառանգությունն» իր հստակ խնդիրները դրել է, թե ինչ պայմաններով կխորացնի համագործակցությունը եւ նրանց հետ կմասնակցի շտաբի աշխատանքներին: Եթե խոսք կա կոնսենսուսի մասին, այսինքն՝ որ այդպես են լուծումներ տրվում, ուրեմն պետք է այդ զիջումն արվեր, մանավանդ, որ ինչ-որ գերբնական բան չէր մեր պահանջը: Այդ ինչո՞ւ ԲՀԿ ղեկավարը կարողանում էր կոալիցիոն հուշագիրը ստորագրել առաջին դեմքով, իսկ այս դեպքում ինքն առաջին դեմքով չի ստորագրում: Ինչո՞ւ «Ժառանգությունը» ոստիկանապետին ուղղված նամակը ստորագրում է, միանում է ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը, իսկ ԲՀԿ-ն նույնիսկ 7-րդ կարգի ներկայացուցչի ստորագրությամբ չի միանում: Ինչպե՞ս ստացվեց, որ դրա արդյունքում ոչ մեկը չմեղադրեց «Բարգավաճին»՝ ՀՀԿ-ի հետ «սիրավեպ» անելու համար, որովհետեւ այսօր կոալիցիայի մեջ են եւ չեն էլ թաքցնում, որ հաջորդ կոալիցիայի մեջ էլ են լինելու: Այսինքն՝ մեր խնդիրը ո՞րն է՝ նպաստել նրան, որ «Բարգավաճը» շարունակի՞ նման գործելաոճը, ընդդիմադիր դաշտ մտնելու իր ճիգերը՝ ընտրություններից առաջ: Իսկ դուք հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչ է գրված եղել կոալիցիոն հուշագրում՝ ընտրություններից առաջ կոալիցիոն գործընկերները չպետք է ավելացնեն իրենց տեղերը միմյանց հաշվին: Եթե միմյանց հաշվին չէ՝ ո՞ւմ հաշվին պետք է ավելացնել՝ ընդդիմությա՞ն հաշվին: Դե, բնականաբար, եթե այդպես պետք է լինի, ուրեմն իրենք «Բարգավաճին» առաջարկել են ընդդիմության դաշտից գնալ եւ այդ ձայները ստանալ: Դրա համար ի՞նչ է պետք՝ ինքը պետք է ներկայանա որպես նոր ընդդիմություն: Դա անընդունելի է, եւ այդ գործընթացի լեգիտիմացումը մեզ համար անընդունելի է»: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ընդունո՞ւմ եք, որ հասարակությունը դրական չի ընկալում «Ժառանգության»՝ միասնական շտաբից դուրս գալը, որակումներ կան, որ ավելորդ ամբիցիաներ եք դրսեւորում՝ նա պատասխանեց, որ դաշտն ապականված է, եւ դրան նպաստում են նաեւ պատվեր կատարող լրատվամիջոցները. «Երբեք այդ ԶԼՄ-ներն այսօր չեն քննադատում այն ուժին, որը հստակ պայմանագրով ասել է, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, որին հիմա այդքան ուժգնորեն քննադատում են: Նույնիսկ մեզանից էլ ավելի ուժգնորեն հանկարծ սկսեցին քննադատել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, բայց չեն տեսնում, որ այդ պայմանագիրը դեռ գործում է, ոչ ոք չի հրաժարվել դեռ այդ ստորագրությունից, ԲՀԿ-ն չի հրաժարվել, հետ չի կանչել իր ստորագրությունը: Ավելին՝ նրա ղեկավարն ասել է, որ իր ստորագրած ցանկացած փաստաթուղթ արժեք ունի, եւ նա որեւէ բան չի ստորագրում հենց այնպես: Ի՞նչ է դա նշանակում, որ նա ավելի շատ ձայներ է ուզում տանել ընդդիմությունից եւ ավելի շատ ձայներով մտնել պառլամենտ, որ ավելի ուժգնորեն աջակցի Սերժ Սարգսյանին 2013-ին: Եվ ո՞ր ուժերն են օգնում եւ լեգիտիմացնում իր մուտքը դեպի ընդդիմադիր դաշտ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30