Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանկարծահայտ իրավապաշտպաններ՝ հանկարծահայտ թեկնածուներ

Ապրիլ 26,2012 13:11

ԱԺ ընտրական մարաթոնը մոտենում է ավարտին: Մայիսի 6-ին հայ ընտրազանգվածը կընտրի իր կուսակցությունն ու իր պատգամավորին: Մինչ ընտրելը, ընտրազանգվածը փորձում է հասկանալ, թե ինչ են իրեն մատուցում, ինչքանով են անկեղծ թեկնածուները, արդյոք, թեկնածուն կարող է ինչ-որ բան փոխել օրենսդիր մարմնում:

Ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մոտ հարյուր նախընտրական գրքույկների եմ ծանոթացել եւ ընթերցել նրանց խոստումները: Եւ ի զարմանս ինձ, հայտնաբերել, որ շատերը չգիտեն ինչ ասել է օրենսդրություն, ինչ ասել է օրենսդիր մարմին եւ ինչ պիտի անեն, եթե ընտրվեն:

Եթե «շատ սիրուն» նկարներ բուկլետներում տեղադրելով ուզում ես ձայն ստանալ «ինչ լավն եք» բացականչություններով, սխալվում եք: Կարելի է այլ նկարներ էլ տեղադրել եւ հեռակա հայտնվել խորհրդարանում:

Մեծախոսությունն ու վիրավորանքն էլ չի կարող ճանապարհ հարթել դեպի խորհրդարան: Մեծախոսությունն ու վիրավորանքը թեկնածուի խելոքության, առավել եւս համարձակության մասին չեն խոսում: Համարձակության մասին կարող էր խոսել թեկնածուի անցած ճանապարհը՝ ինքնուրույն անցած ճանապարհը: Նայեք նրանց. ո՞վ է իր ճանապարհը հարթել միայնակ, առանց ցուցակների, առանց կրիմինալ ու օլիգարխիկ կապերի:

Մականունն անգամ,,,ցուցակով է:

Նայեք թեկնածուին, ինչպիսին էր նրա կեցվածքը, որը որդեգրել էր նա մինչ խորհրդարան մտնելը: Թե չէ ինչ է ստացվում: Այս խորհրդարանում առաջադրվեցին մարդիկ, որոնք հանկարծահայտ ընդդիմադիր եւ հակառակը դարձան, հանկարծահայտ հանրապետական ու հանկարծահայտ օրինաց, հանկարծահայտ ժառանգական ու հանկարծահայտ բարգավաճ, հանկարծահայտ ազգայնական, հանկարծահայտ՝ սոցիալիստ…

Ցուցակներում հայտնվելու համար արժե՞ր գնար նման քայլի:

Հիմա էլ հանկարծահայտ իրավապաշտպաններ ու իրավունքի մասին խոսողներ են դարձել, իրավունք բառն ամենամոդայիկն է գրեթե բոլորի նախընտրական բառամթերքում: Ի դեպ, թեկնածուների մեջ մարդիկ են, որոնք ի պաշտոնե ունեցել են հնարավորություններ, երկրի իրավական քաոսը մեղմելու, իրավապահ լինելու համար: Ընտրությունից ընտրություն խոսել իրավական խախտումների մասին, կարող է անգամ մանկապարտեզի երեխան, որին ի դեպ, արդեն սովորեցնում են, դատի տալ ծնողին, եթե մարմնի փափուկ տեղին հարվածում է:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանը…մենք գտնում ենք, որ այս խնդիրների լուծման առումով շատ կարեւոր է բարեգործական ինստիտուտի դերը, սակայն ՀՀ-ում կան հարցեր, որոնք ոչ մի բարեգործական հիմնադրամ միայնակ լուծել չի կարող, ուստի ներկայումս գոյություն ունեցող առավել խորքային հարցերը պետք է լուծվեն պետական աջակցության միջոցով»: Ինչ է, գրողը չի իմանում, որ բարեգործական կազմակերպությունների անվան տակ գործող հասարակական-աղանդավորական ակումբներն ի զորու չեն լինելու սոցիալական իրավունքի հարցեր կարգավորելու, քանի որ օրենքը օրենսդիրը պիտի գրի, այլ ոչ արտագրի կամ թարգմանի այլ երկրների գործող օրենքներից:

«Մայրությունը պետք է գտնվի պետության հոգածության տակ».սա ինչ խորհրդարան մտնելու հայտ է:

Կարելի է՞ խորհրդարան մտնել այսպիսի հայտով.«Անսահման նվիրված է իր հայրենի լեռնաշխարհին ու նրանց մարդկանց, որի վառ ապացույցը հատուկ ընդգծված եւ նախանձախնդիր վերաբերմունքն է եղել Աշտարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների համայնքներին ու նրանց հիմնախնդիրներին»:

Հայաստանի մեկ այլ պատգամավորության թեկնածու էլ նախընտրելի է համարել այլ «տտարածաշրջանը».«Էրեբունի, Շենգավիթ շրջանների արդիականացման օժանդակում՝ պետական եւ գործարար շրջանակների ներգրավմամբ»:

Ժամանակաշրջանի առումով էլ հետաքրքիր առաջարկ կա.«Գնահատիր քո պապերի ընտրությունն ավելի քան հարյուր տարի առաջ»: Գնահատելով է, որ մեր պապերի խոսքը գետնով չենք տա…

«Շարժվելու ենք «Հարմարավետ գյուղ», «շարժվելու ենք հարմարավետ տրանսպորտ» տրամաբանությամբ»:

Մեկ այլ խոսոտւմ էլ ուղղակի զավեշտալի ձեւակերպմամբ է.«Մենք պետք է հաղթահարեք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են եւ վիրահատական եւ մյուս բոլոր օրինական մեթոդները»: Եթե քաղցկեղի ախտորոշումն էլ տա ուռուցքաբանության ինստիտուտը, ապա պարզ կլինի, թե նշանակվելիք թանկարժեք քիմիան կոռուպցիայի վրա ինչպիսի ազդեցություն կթողնի…

Ընտրություններին մնացել են հաշված օրեր, դեռ առաջարկվում է.«Արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը», նրանում մասնավորապես, ամրագրելով…քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30