Զարուհի Փոստանջյանի բացակայությամբ՝ ԵԽԽՎ-ն երեկ ընդունեց նրա նախապատրաստած զեկույցը եւ բանաձեւի նախագիծը՝ իր անդամ երկրներին խնդրելով հարգել արտահայտման եւ տեղեկատվության ազատությունը համացանցում եւ առցանց լրատվամիջոցներում:
Վեհաժողովի ընդունված բանաձեւում նաեւ ասվում է, թե նման լրատվամիջոցները պետք է պատասխանատու լինեն ապօրինի բովանդակության՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով մանկական պոռնոգրաֆիայի եւ այլատյացություն, ռասիստական խտրականություն, ատելություն, բռնություն, ահաբեկչություն պարունակող բովանդակության նկատմամբ:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն այս զեկույցը մշակում էր 2010 թվականի հոկտեմբերից: Եվ երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում ինչպես նրա փոխարեն զեկույցի ներկայացնող ԵԽԽՎ Մշակույթի, գիտության , կրթության եւ մեդիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոջեր Գեյլի, այնպես էլ այլ պատվիրակների կողմից բազմաթիվ գովասանքի խոսքեր հնչեցին Զարուհի Փոստանջյանի կատարած աշխատանքի հասցեին: Եվ միայն Եվրոպական ժողովրդավարների խմբի անունից ելույթ ունեցող բարոնուհի Էկկլեն հայտարարեց. «Ամոթ է, որ նա չկարողացավ այսօր մեզ հետ հետ լինել՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների պատճառով»: