Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կա՞ արդյոք վախի մթնոլորտ

Ապրիլ 26,2012 12:50

Ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները այս ընտրարշավում պնդում են, որ ժողովուրդն ահաբեկված է: Երեկ այդ գնահատականը կրկնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հիմնավորելով, թե ինչու պետք չէ հավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Եթե խոսքը բուն սոցիոլոգիայի մասին է, ապա բարձր որակավորում ունեցող ընկերությունները հարցումների ժամանակ պարտադիր տալիս են «ստուգողական հարցեր»՝ պատասխանողների անկեղծությունը ճշտելու համար: Բնականաբար, կարելի է կասկածներ ունենալ Gellap-ի կամ ВЦИОМ-ի որակի վերաբերյալ, կարելի է նաեւ ենթադրել, որ այդ երկու սոցիոլոգիական ընկերությունները կաշառված են ՀՀ իշխանությունների կողմից: Բայց նրանց տվյալները բերել որպես «վախի մթնոլորտի» ապացույց, ինձ թվում է, այնքան էլ հիմնավոր չէ:

Կա՞, արդյոք, Հայաստանում վախի մթնոլորտ: Այդ հարցին պատասխանելու համար պետք է որոշել՝ արդյոք մեր երկրում իսկապե՞ս բռնապետական ռեժիմ է, ինչպես երբեմն պնդում են ընդդիմադիրները: Եթե՝ այո, մենք ապրում ենք այնպիսի ռեժիմի պայմաններում, ինչպիսին Հյուսիսային Կորեայում է կամ Թուրքմենստանում, ապա, անշուշտ, մեր ժողովուրդը նույնպես վախեցած է եւ ահաբեկված ու ընտրությունների ինստիտուտ ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքացիներն ընդհանրապես հնարավորություն չունեն ոչ իրական, ոչ էլ վիրտուալ տարածքում արտահայտել իրենց կարծիքը, եւ այս պարագայում իսկապես ոչ մի իմաստ չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու:

Բայց Հայաստանը, իմ տպավորությամբ, բռնապետություն չէ, այլ ավտորիտար, կոռումպացված ռեժիմով պետություն: Ավելի շուտ նման է Լատինական Ամերիկայի կամ ԱՊՀ-ի որոշ երկրների: Ընդ որում, 2011թ. կեսերից (քաղբանտարկյալներին ազատելուց եւ հավաքների ազատությունը չխոչընդոտելու կուրս բռնելուց հետո) Հայաստանը դրսեւորում է մեղմ ավտորիտարիզմի նշաններ:

Այս պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են ժողովրդին ահաբեկում, վախեցնում եւ սպառնում: Եթե իմ գյուղապետը մտնի իմ կամ իմ հարեւանների տուն եւ հորդորի քվեարկել իշխանության որեւէ կուսակցության օգտին, ի՞նչ լծակներ է նա օգտագործելու մեզ վախեցնելու համար: «Ֆեյսբուքում» եւ այլ կայքերում ես կարդում եմ խիստ ընդդիմադիր կարծիքներ, որոնք արտահայտում են բուհերի դասախոսներ կամ պետական կառույցներում աշխատող չինովնիկներ: Նրանք բոլորը ներկայանում են իրենց անուն-ազգանուններով: Եթե նրանք վախենային իրենց աշխատատեղի համար, ապա հաստատ նման ձեւով չէին արտահայտվի:

Երբեմն ասվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը չի հավատում ընտրությունների գաղտնիությանը: Իբր շատ են մարդիկ, որոնք հավատում են, թե քվեախցիկում կա ինչ-որ հզոր անտեսանելի աչք, որը կֆիքսի, թե ինչպես են իրենք քվեարկել: Ինձ թվում է՝ նման մարդիկ Հայաստանում իրականում չկան: Իսկ եթե այդ հեքիաթներին հավատացող մարդիկ, այնուամենայնիվ, մեր երկրում որակ են կազմում, ուրեմն չարժե մեր երկրում անցկացնել ընտրություններ եւ խոսել ժողովրդավարության ու լեգիտիմության մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30