Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն ընդդեմ արեւմտյան դիվանագետների

Ապրիլ 26,2012 12:24

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերով

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում հավատարմագրված արեւմտյան դիվանագետներին մեղադրում են երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը, մեկնաբանելով ադրբեջանական ընդդիմության առաջնորդների եւ Բաքվում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հանդիպումը:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե  այդ դիվանագետները հանդիպեին ադրբեջանցի փախստականների, այլ ոչ թե կայունությունը խարխլել փորձող ուժերի հետ», – հայտարարեց ադրբեջանցի պաշտոնյան:

Բաքվում հավատարմագրված Թուրքիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Նորվեգիայի, Եվրամիության դեսպանները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի գրասենյակների ներկայացուցիչները երեքշաբթի օրը այցելել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գրասենյակ` ընդդիմության առաջնորդների հետ քննարկելով Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական կացությունը:

Արեւմտյան դիվանագետները հանդիպման ավարտին խուսափում էին մեկնաբանություններից։ Միայն Եվրոպայի խորհրդի Բաքվի ներկայացուցիչը հայտարարեց, թե «սա նորմալ հանդիպում էր»:

Ընդդիմության առաջնորդներից «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարն էլ նշում էր. – «Հիմնական թեման, որին անդրադարձանք, քաղբանտարկյալների, մասնավորաբար` ազատազրկված լրագրողների խնդիրն էր: Անդրադարձանք նաեւ շարքային քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներին, հավաքների ազատության սահմանափակումներին: Ընդհանուր առմամբ, նման հանդիպումների հիմնական նպատակը դիվանագիտական կորպուսի կողմից ժողովրդավարությանն աջակցելն է»:

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներն ու վերլուծաբաններն էլ նկատում են, որ արեւմտյան երկրների դեսպանները որոշեցին ընդդիմության առաջնորդների հետ հանդիպել կիրակի օրը Բաքվի արվարձաններից մեկում տեղի ունեցած բողոքի ակցիայից երկու օր անց, որը, մի շարք գնահատականների համաձայն, ամենամարդաշատն էր 2005 թվականից ի վեր:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30