Արդեն ավելի քան 15 օր ծավալվող նախընտրական պայքարում ի հայտ են գալիս բավականաչափ հետաքրքիր օրինաչափություններ։
Պայքարի մեջ մտած ուժերի մեծ մասը, տարվելով ապագա խորհրդարանում լինելու իր իրավունքների հիմնավորմամբ, մոռանում է, որ նաեւ որոշակի պատասխանատվություն է կրում որպես իշխանություն կամ ընդդիմություն, այսինքն՝ ողջ պետականության համակարգի մեկ մասնիկն է։
Պատասխանատվության համընդհանուր դեֆիցիտի ի հայտ գալու անմիջական պատճառը վերջին տարիներին քաղաքական դիմակայության երկբեւեռ համակարգի փլուզումն է։ Սակայն այդ օրինաչափ գործընթացը հանգեցնում է ոչ թե երկու ճամբարների ավելի բարդ ու բազմապլան մրցակցության ծավալման, այլ քաղաքական դաշտի աստիճանական միախառնման եւ փաստացի միաձուլման։
Միախառնվելու գործընթացը սկիզբ է առել ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր ուժերի համատեղ ջանքերով։
Իշխանամետ ուժերի մի զգալի մասը փոխել է իր նախորդ «քաղաքական ամպլուան» եւ սկսել է հանդես գալ այնպիսի արմատական-ընդդիմադիր դիրքերից, որոնց կարող է նախանձել ցանկացած արմատական ընդդիմություն։ Իսկ ընդդիմություն համարվող ուժերի մի մասը նկատելիորեն մեղմել է նախորդ՝ խիստ քննադատական կեցվածքը եւ փաստորեն անցել է չափավոր ընդդիմության դիրքերը։ Եվ եթե չլիներ ընտրողների քվեները կորցնելու վտանգը, համոզված ենք, որ նրանք է՛լ ավելի կփոխեին սեփական դիրքորոշումը։
Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ ընտրարշավում իշխանության հստակ դիրքերի վրա փաստորեն կանգնած է մնում միայն Հանրապետական կուսակցությունը, իսկ արմատական ընդդիմության դիրքերում մնացել է միայն ՀՀՇ-ն։ Մնացյալը միաձուլվել ու վերածվել է մի նոր երեւույթի, որն ընդդիմադիր է բոլորին՝ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ տվյալ միախառնված ամբողջության բոլոր մյուս բաղադրիչներին։
Դատեք ինքներդ. այսօր «ընդդիմություն» կոչվող ուժերի շարքում շատ քիչ են նրանք, ովքեր այնպիսի հետեւողականությամբ ու համառությամբ են «թրատում» ամեն ինչ՝ պետական ապարատը, տնտեսությունը, քաղաքականությունը, որքան, ասենք, կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։
Կարեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց աշխարհ»