Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ» Դովեղում

Ապրիլ 26,2012 11:02

Երեկ, ժամը 11.00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կես ժամից ավելի անկանոն կրակահերթեր է արձակել գյուղի դպրոցի ու մանկապարտեզի ուղղությամբ։

Դովեղի մի բնակչուհի երեկ մեզ պատմեց, որ առավոտյան տանը գործ անելիս լսել է առաջին կրակոցը։ «Ես նստած էի, մեկ էլ լսեցի դա։ Դե, սովոր ենք կրակոցի ձայներին։ Բայց այս մի կրակոցից հետո էլի եղան։ Դուրս եկա տնից, բղավոցներ լսեցի, տեսա, որ տղամարդիկ վազեցին գռուզավիկի մոտ, որ էս կողմ քաշեն»,- պատմեց կինը ու հավելեց, որ մինչ կրակահերթերը կավարտվեին, ինքը նստել է տան հեռավոր անկյունում ու աղոթել, որ «այսօրվա պատերազմը ավարտվի»:

Գյուղի բնակիչները երեկ մեզ պատմեցին, որ կրակահերթից առաջինը վնասվել է բնակիչներից մեկի՝ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Վնասվել է մեքենայի մարտկոցը, բայց, չնայած դրան, գյուղացիներից մեկին հաջողվել է արագ նստել մեքենան եւ տեղափոխել անվտանգ վայր։

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը մեր հեռախոսազրույցում պատմեց, որ կրակոցները հնչել են 30-40 րոպե շարունակ։ «Կրակոցները խուճապ չեն առաջացրել, ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք մի քանի բան ենք արել»,- պատմեց գյուղապետը եւ նշեց, որ երբ հնչել են առաջին կրակոցները, ինքը զանգահարել է գյուղի դպրոց ու ասել, որ ուսուցիչները երեխաներին արգելեն շենքից դուրս գալ կամ մոտենալ պատուհաններին, իսկ դադարից հետո երեխաներին հեռացրել են շինությունից։ Սամվել Գորգինյանը հայտնեց նաեւ, որ դեռ հնչում էին կրակահերթերը, երբ ինքը կապ է հաստատել մոտակա զորամասի հրամանատարության հետ, հայտնել կատարվածի մասին, ինչից հետո զորամասի հրամանատարությունը ժամանել է գյուղ՝ ծանոթանալու իրավիճակին։ «Դպրոցը գտնվում է գյուղի վերին հատվածում, դեպի Նոյեմբերյան քաղաքը, այսինքն՝ սահմանից մի փոքր է հեռու։ Այնտեղ սովորում է 80-ից ավելի երեխա։ Մանկապարտեզում՝ 12 երեխա։ Գյուղի բնակիչների թիվը 668 է։ Չնայած վտանգավոր պայմաններին՝ մեր գյուղից արտագաղթ չկա։ Եկող-գնացող չկա, կան մարդիկ, որ գնում են խոպան, աշխատում են ու հետ են գալիս, բայց նենց, որ գնան ուրիշ քաղաք կամ երկիր ու էլ հետ չգան՝ տենց չի լինում։ Սեր գյուղի հողը վերջանում է, միանգամից թուրքի հողն է սկսում։ Դե, բնականաբար, ոնց որ սահմանամերձ բոլոր գյուղերում, մեր գյուղում էլ հողի մշակման հետ կապված միշտ խնդիրներ են առաջանում, որովհետեւ դա վտանգավոր է, ու հողը մշակելու ընթացքում կարող է վրեդ ուղղակի կրակեն ու սպանեն։ Մեր գյուղի բնակելի հատվածից ադրբեջանական գյուղն ուղիղ գծով ընդամենը մի 3-4 կիլոմետր է հեռու»,- պատմեց գյուղապետը։ Նա նշեց նաեւ, որ նման ինտենսիվության հրադադարի խախտում գյուղում վերջին անգամ եդել էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ միայն, եւ 1994 թվականին հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից ի վեր նման բան չէր եղել։

Սամվել Գորգինյանը դժվարացավ ասել, թե ինչ զինատեսակից էր կրակ բացել հակառակորդը, ասաց որ եղել են եւ կրակահերթեր՝ հավանաբար ինքնաձիգից, եւ մեկանգամյա կրակոցներ։ Գյուղապետը պատմեց նաեւ, որ այժմ գյուղի տների պատերի վրա կարելի է գնդակների հետքեր տեսնել ու պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել այն մարդու հետ, որը չհասցներ թաքնվել դրանցից։ Իսկ այսօրվանից արդեն զյուղի դպրոցն էլ, մանկապարտեզն էլ կգործեն, երեկվանից արդեն գյուղը վերադարձել էր իր բնականոն կյանքին։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30