Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում ՀՅԴ կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մանվել Հայրապետյանը, ով Բերքանուշի գյուղապետն է, Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ընտրատարածքում տիրող նախընտրական մթնոլորտին, ասաց, թե, համենայնդեպս, ինքն իրեն այդ մթնոլորտում վատ չի զգում, ու իր գնահատմամբ՝ «այսօրվա վիճակով ես ոչ մի խոչընդոտ իմ ընտրարշավի համար չեմ տեսնում»: Թեկնածուն ի պատասխան մեր հարցին, թե՝ շատ է խոսվում ընտրակաշառք բաժանելու մասին. իր մրցակիցներն արդյոք ընտրակաշառք բաժանո՞ւմ են, հայտարարեց. «Այդ պահով ասում եմ՝ մինչեւ այսօր ոչ մի նման դեպք չի գրանցվել, ու նման տեղեկություն էլ չունենք, այդ պատճառով էլ ասում եմ, որ նորմալ է անցնում»:
Հայրապետյանն ասաց, թե ինքը մինչ այս արդեն ընտրողների հետ հանդիպումներ ունեցել է, ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Անդրադառնալով առաջիկա ընտրություններում իր ընտրվելու հնարավորությանը՝ գյուղապետն ասաց, որ եթե պայքարի մեջ է մտել, ուրեմն՝ հույս ունի, որ հաղթելու է, բայց թե ընտրողների քանի՞ տոկոսի քվեն կստանա՝ դժվարացավ ասել:
Թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել է չորս թեկնածու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ական՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկը՝ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, ՀԱԿ-ի կողմից՝ Գագիկ Ներսիսյանն ու ինքը՝ Մանվել Հայրապետյանը: Հարցրինք, թե ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներից ո՞ւմ է իր մրցակիցը համարում, արդյո՞ք ՀՀԿ-ական տիկնոջը: «Բոլորին էլ: Ոչ մի թեկնածուի էլ չեմ թերագնահատում: Յուրաքանչյուրին էլ գնահատում եմ որպես՝ պոտենցիալ պատգամավորի», – ասաց Դաշնակցության թեկնածուն: