Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը կոալիցիային հանգստության կոչ արեց

Ապրիլ 26,2012 00:25

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզկենտրոնում՝ Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում ՀՅԴ նախընտրական քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե մայիսի 6-ին ընտրությունները վերջանալու են, որ այդ ընտրություններն աշխարհի վերջը չեն, ու մարդիկ դեռ  կանգնելու են իրար կողքի եւ հիշեն՝ թե ով ինչպես է իրեն պահել այս ընթացքում:

Նա ասաց, թե բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք ու մեր նպատակը նույնն է՝ տեսնել մեր երկիրը բարեկեցիկ ու անվտանգ, ունենալ երկրում բարոյական եւ առողջ մթնոլորտ, ունենալ քաղաքացիներ, որոնք իրենց իրավունքների տերն են ու ոչնչից չեն վախենում: «Մի քանի այլասերվածների չհաշված, բոլորս երազում ենք ունենալ երկիր, պետություն, որտեղ ոչ ոք իրավունք չունի եւ չի կարող մեկ ուրիշին սպառնալ, ստորացնել՝ լինի նախարար, մարզպետ, պետական բարձրաստիճան չինովնիկ, գյուղապետ, թե թաղի «լավ տղա»: Այս օրերին ՀՀ նախագահն իր բոլոր հանդիպումներում համբերատար հենց սրա մասին է խոսում: Խոսում է հանդուրժողականությունից, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելուց, ընտրակաշառքը բացառելու կարեւորությունից, բայց ի՞նչ է կատարվում ներքեւում: Կա՞ մեկը, որ չգիտի թե ինչ է կատարվում։ Իրենց չհասկացողների տեղ դնողների համար հայտարարում եմ, որ ներքեւում՝ համատարած 10 հազար դրամ ընտրակաշառքի խոստում ու բաժանում է: Մարզպետները, գյուղապետերը, իրավապահները մարդկանց կանչում են, վախեցնում, ստիպում են աշխատել իշխանության համար: Իշխանություն ասելով՝ նկատի ունեմ գործող կոալիցիան: Ցուցակներ են կազմում, անձնագրերի պատճեներ են հավաքում, ասում են՝ քեզ, քո բարեկամին գործից կազատենք, կդատենք: Անհնազանդներին հարկային ու ոստիկանություն են կանչում, գույքահարկ ու վարձավճար են զեղչում»,- թվարկեց Վարդանյանը:

Իշխանություններին ու  նաեւ իշխանության մեծամասնական այն թեկնածուներին, որոնք, դաշնակցական գործչի  ասելով, կարծում են՝ իրենց ամեն ինչ թույլատրելի է ու մարդկանց են ստորացնում, նա կոչ արեց՝ «հանգստացեք» ու հավելեց. «Հանրապետության նախագահի խոսքերը ձեզ չե՞ն վերաբերում: Թե՞ նորից ուզում եք մեր երկիրը ցնցումների մեջ գցել, արտաքին ուժերի ճնշումների դուռը բացել: Թե՞ մտածում եք՝ ինչքան երկիրը թույլ լինի, էնքան ձեր գործերն աջ կգնան: Սա ձեր անձնական ընտրություն չէ: Սա համապետական ընտրություն է, որտեղ որոշվելու է, թե  հաջորդ 5 տարին  որ ուժերն են կառավարելու երկիրն ու ինչ ուղղությամբ է Հայաստանը շարժվելու»:

Աղվան Վարդանյանը, իր ձեւակերպմամբ՝ « նախընտրական խայտառակ խաղեր տվողներին» էլ կոչ արեց իրենց տղամարդու պես պահել՝ կրկին հիշեցնելով, որ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է, ու «իրար երես ենք նայելու»: «Մի քանի օր առաջ, ուրիշ մարզում, գյուղապետերը ինձ հարց են տալիս՝ պրն.Վարդանյան մեր էս, մեղմ ասած,  անհաջող մարզպետին ընտրություններից հետո պահելո՞ւ են: Ասում եմ՝ բայց ինչո՞ւ եք ինձ հարցնում: Պարզ չէ՞. եթե իր իշխանության համար շատ ձայն տարավ, կպահեն, եթե ձախողվեց, ռադ կանեն: Էդ ձայնը ապահովողներն էլ դուք եք, ձեր բնակիչներն են: Եթե չեք ուզում, որ պահեն ու էլի ձեր հերն անիծի, գնացեք մտածեք: Քվեարկեք Դաշնակցությանը, ձեր գլխից մազ չի պակասի: Մենք մեր գույնը չենք փոխում ու չենք դավաճանում, մենք ամբոխավար չենք: Մենք չենք հիասթափեցնում, մենք ինչ ասել ենք, անելու ենք: Մենք դաշնակցություն ենք, հզոր ու միասնական թիմ ենք եւ մեկ մարդու կուսակցություն չենք: Մենք թշնամի չունենք այս երկրում, բայց կպատժենք հայ մարդուն սպառնացողներին ու ստորացողներին»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30