Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:
Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում հիշատակի արարողությունից հետո ռումինահայերը, հատկապես երիտասարդների խմբերը Հայաստանի դրոշներով եւ ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր կազմակերպեցին խաղաղ ցույց, հավաքվածներին եւ անցորդներին բաժանեցին ցեղասպանության մասին պատմող նյութեր:
Ռումինական հեռուստատեսությունը երեկոյան լուրերի մեջ անդրադարձավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին, ցուցադրեց Երեւանից կադրեր, ինչպես նաեւ տեղեկացրեց Բուխարեստում կազմակերպված հիշատակի միջոցառման եւ խաղաղ ցույցի վերաբերյալ: Հեռուստատեսությունը հայտնեց, որ ցուցարարները հիմնականում ցեղասպանությունից փրկված եւ Ռումինիայում ապաստան գտած հայերի ժառանգներն են եւ որ Ռումինիան այն երկրներից մեկն է, որ այդ արյունալի դեպքերից հետո օգնություն ցույց տվեց հայերին եւ նրանց տրամադրեց ապաստարան:
ՀՀ ԱԳՆ