Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը հայտնել է, որ իր կողմից իրականացված ստուգման արդյունքում ազատազրկման մեջ գտնվող երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մարմնին կապտուկներ են հայտնաբերվել:
Այս մասին մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նինա Կարպաչևան հայտնել է չորեքշաբթի օրը:
Կարպաչևայի հայտարարությունից մեկ օր առաջ Տիմոշենկոյի փաստաբանն ասել էր, թե անցյալ շաբաթ իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու ընթացքում բանտի պահակը նրան ծեծի է ենթարկել: Փաստաբան Սերհիյ Վլասենկոյի համաձայն, այս միջադեպից հետո Տիմոշենկոյի որովայնն ու ձեռքերը կապտուկներով են պատվել:
Վլասենկոն հայտնել է նաև, որ իրեն ծեծի ենթարկելու մասին հայտնելու ժամանակից Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել:
Ուկրաինայի դատախազությունն ընդունել է, որ երկրի նախկին վարչապետն իր կամքին հակառակ էր տեղափոխվել հիվանդանոց, քանի որ, վստահություն չունենալով պետական մարմիններում աշխատող բժիշկների նկատմամբ, հրաժարվել է ինքնակամ այցելել հիվանդանոց, սակայն հերքել է նրան ծեծի ենթարկելու մասին մեղադրանքները:
Յուլիա Տիմոշենկոն բողոքում էր մեջքի ուժեղ ցավերից և դիմել էր իրեն օտարերկրյա բժիշկների վերահսկողության ներքո բժշկական օգնություն տրամադրելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտարկվել է՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:
Ուկրաինայի նախկին վարչապետը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:
Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները: