Այսօրվա արտահերթ նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի մասնակիցներին է ներկայացրել համացանցով էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները :
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում կայացրել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել «Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» (ՍԻԼԲԱ) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:
Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորի թեկնածուներ Գագիկ Պետրոսյանի (թիվ 8 ընտրատարածք), Թոռնիկ Գևորգյանի (թիվ 19 ընտրատարածք), Ռոման Խաչատրյանի (թիվ 24 ընտրատարածք) և Մանուկ Վարդանյանի (թիվ 25 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները` վավերացված նոտարական կարգով:
Նպատակ ունենալով բացառել ՀՀ ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 61-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը` կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պարզաբանում` շրջիկ արկղի միջոցով կազմակերպվող քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ:
Քննարկվել են նաև «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի և թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի լիազոր անձի դիմումները, ինչպես նաև` թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հայտարարությունները:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով