Քարոզարշավի մեկնարկին Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն պետք է հավաքի: Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են եւ արդեն քարոզարշավի ավարտին Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է թե ՀՀԿ-ն իր մարզում պետք է 90 տոկոս ձայն հավաքի:
Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ թե ի՞նչ մեխանիզմով է ինքն այդ հաշվարկներն անում: «Հիմա դրա մասին չխոսենք, ամսի 6-ին կխոսենք»,- ասաց մարզպետը: Հարցին՝ այդքան շատ ե՞ք պատրաստվում կեղծել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, բնավ: Ստեղ կեղծիք չի լինի: Հնարավոր էլ չի, որ ստեղ կեղծիք լինի»: Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է նման հայտարարություններ իրեն թույլ տալիս, մարզպետը հակադարձեց. «Դե ժողովուրդն ընտրելու են, էլի: Ի՞նչ կա էդտեղ բացահայտելու: Ամենահեշտ, պրիմիտիվ բանն ա՝ ժողովուրդը գնալու ա եւ ընտրելու»: Հարցին էլ՝ այսինքն, Սյունիքում ժողովուրդն այդքան գո՞հ է ՀՀԿ-ից, այդքան շատ է սիրում ու հավատում, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե, իհարկե, հավատում են: Ես ստեղ Հանրապետական կուսակցության մարզի նախագահն եմ: Վերջը, մենք էլ ունենք արած գործ, մարզի ամենախոշոր հարկատուն էլ ունի արած գործ, ժողովուրդն էլ տեսնում են մեր արած գործը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ