Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը

Ապրիլ 25,2012 17:19

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից:

Մասնավորապես քննարկվեցին ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` պարզաբանումներ ստանալու եւ միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման` ըստ օրենքի պահանջի:

Մոնիթորինգային խմբի անդամներին մտահոգել էր այն հարցը, թե ինչու չի կիրառվում 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը: ԱԺ նախագահը, մատնանշելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի  2-րդ կետը, տեղեկացրեց, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթն օրվա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Արձանագրվեց, որ օրենքով հստակ կանոնակարգված է նաեւ մամուլում հնչեցվող այն խնդիրը, թե որոշ դպրոցներ ներքաշվել են նախընտրական գործընթացների մեջ: Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետի` ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունություն կամ քարոզչություն: Պարոն Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց դիմելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` օրենքի նշված պահանջի խախտումներն իսպառ բացառելու համար:

Քաղաքական ուժերը հարց բարձրացրեցին, որ տեղերում ընտրողներին որոշ ուժեր պարտադրելու են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը` որպես խոստացված քվեն տալու ապացույց: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրին, որ հեռուստաընկերություններով արդեն իսկ ցուցադրվում են հոլովակներ, որտեղ ընտրողներին զգուշացվում է նման արարքի քրեորեն պատժելի լինելու մասին: ԱԺ նախագահը վստահեցրեց` պայմանավորվածություն կա, որ ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ այդ մասին կհայտարարեն նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանության պետը:

Քննության դրվեց նաեւ օքսիդացվող կնիքների հարցը: Մտավախություն հնչեց, որ դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը, իբր, հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Ներկաներն արձանագրեցին, որ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը: Այդուհանդերձ, պարոն Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց դիմել ԿԸՀ նախագահին` համպատասխան պարզաբանում ստանալու, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ փորձարկում կազմակերպելու աշխատանքային խմբում:

Հասարակական հատվածի ներկայացուցիչներն ահազանգեցին, թե մայրաքաղաքի շենքերում առանց ներկայանալու անձինք են շրջում` քաղաքացիներին կոչ անելով անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին: ԱԺ նախագահը մասնակիցներին մեկ անգամ եւս հորդորեց հարցադրումները բարձրացնել հասցեավորված, ներկայացնել կոնկրետ փաստեր: Այդուհանդերձ, պարոն Նիկոյանը վստահեցրեց, որ այս խնդիրը եւս կներկայացնի ՀՀ ոստիկանության ուշադրությանը:

Մոնիթորինգային խումբն անդրադարձավ նաեւ այլ հարցերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծագող խնդիրները մասնակիցներն արձանագրեն ու ներկայացնեն նախօրոք` օրակարգում ընդգրկվող հարցերն ավելի խորքային քննարկելու նպատակով:

Ազգային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30