Քաղաքական դաշտն արդեն մշակված է եւ մնում է սպասել բերքահավաքին: Ընտրություններին մասնակցում են 9-ը կուսակցություն եւ միություն: Կուսակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակները, թե համամասնականով եւ թե ըստ մեծամասնական շրջանների` հրապարակված են: Մի շարք հատկանիշներով 6 կուսակցություն եւ միավորում կարող են համարվել քաղաքական դաշտում հիմնական «խաղացողներ». «Բարգավաճ Հայաստան» /ԲՀԿ/ կուսակցությունը, «Հանրապետական կուսակցությունը» /ՀՀԿ/, «Օրինաց երկիր» /ՕԵԿ/ կուսակցություՆը, ՀՅԴ «Դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» /ՀԱԿ/ եւ «Ժառանգություն» կուսակցությունը, որոնցից արաջի երեքը պատկանում են ներկայումս կառավարող կոալիցիային:
Ներկայիս կառավարող կոալիցիան ձեւավորվեց 2007 թվականին` խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ պահին այն կազմված էր 3 կուսակցությունից, ներառյալ «Դաշնակցություն»-ը, որն ավելի ուշ, հայ-թուրքական հարաբերությունների հարցում կոալիցիոն իր պաշտոնակիցների հետ ունեցած տարաձայնությունների պա տ ճառով, հեռացավ կոալիցիայից:
2008թ-ի նախագահական ընտրություններից հետո կոալիցիային միացավ ՕԵԿ-ն: 2007 թվականի հուլիսին կոալիցիոն կուսակցությունները ձեւավորեցին կառավարությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի ծրագիրը արտացոլում էր կոալիցիա կազմած կուսակցությունների նախընտրական հիմնական խոստումները: Այնուհետեւ, կառավարության ղեկավարն ընտրվեց երկրի նախագահ եւ այդ պատճառով նոր կառավարություն ձեւավորվեց` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ում գործունեության ծրագիրը սկզբունքորեն չէր տարբերվում նախորդից:
Անցել է հինգ տարի: Փաստն այն է, որ կոալիցիոն կուսակցությունների նախընտրական խոստումները, որոնք արտացոլված էին իրենց ձեւավորած կառավարությունների ծրագրերում, չեն կատարված: Եկել է հերթական ընտրությունների ժամանակը, հետեւաբար նաեւ կոալիցիոն կուսակցությունների ընտրողներին տալիք հաշվետվության ժամանակը: Նրանք արդեն անց են կացրել իրենց նախընտրական համագումարները: Դրանցից կարելի է եզրակացնել, իբր նրանց կառավարության բոլոր ծրագրերը իրականացված են, մարդիկ ավելի լավ են ապրում եւ այժմ նրանք դիմում են ընտրողներին` եւս հինգ տարով մանդատ ստանալու համար, որպեսզի շարունակեն իրենց որդեգրած ուղին: Ասես չկա աճող արտագաղթը, օրըստօրե ավելացող կոռուպցիան, աղքատությունը, քաղաքացիների կենսամակարդակի անկումը: Հետաքրքիր մի մանրամասն. կոալիցիոն կուսակցությունների նախընտրական համագումարների բոլոր որոշումները ընդունվել են միաձայն, ինչպես սովետական ժամանակներում: Դա առնվազն խոսում է այդ կուսակցությունների ավտորիտար բնույթի, ինչպես նաեւ ներկուսակցական դեմոկրատիայի բացակայության եւ ընդհանրապես, որպես քաղաքական կուսակցություն, այդ միավորումների չկայացածության մասին:
Որո՞նք են Ազգային ժողով մտնելու հիմնական հավակնողների մրցունակության առավելությունները:
Նախընտրական իր խոստումները չիրագործած ներկա իշխող կուսակցության մրցունակության հիմնական առավելությունը, դա, ըստ իս, վարչական հնարավորությունների բացահայտ օգտագործումն է, ներառյալ երկրից բացակայող քաղաքացիների ընտրաձայների հետ կատարվելիք մոնիպուլյացիաները, իսկ դրանց թիվը որոշ հաշվարկներով անցնում է 600.000-ից:
Մյուս երկու իշխող կուսակցությունների /ԲՀԿ եւ ՕԵԿ/ մրցունակության առավելությունը, դա համապատասխան տարբեր տեսակների նախընտրական կաշառքներն են եւ անսանձ պոպուլիզմը: Բացի դրանից այս երկու կուսակցությունն էլ, հույս դնելով ընտրողների անգիտակության վրա, ներկայանում են որպես ընդդիմադիր ուժեր, համենայն դեպս, այդպիսին է նրանց հռետորաբանությունը: Ասես վերջին 5 տարիներին նրանք չէին ղեկավարում երկիրը, նրանք չէին ձեւավորել կառավարությունը` իրենց ուսերին վերցնելով այդ կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը: Եվ պետք է ասել, որ հաճախ հաջողում են դրանում, քանի որ լիովին վերահսկում են էլեկտրոնային ԶԼՄՆ-ն, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությունն ու տպագիր մամուլի զգալի մասը: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում, վերահսկում է հիմնական նախարարությունները եւ այդ իսկ պատճառով կոալիցիայի քաղաքականության ձախողման գլխավոր պատասխանատվությունը նա է կրում:
Ինչ վերաբերվում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցության մրցունակության առավելությունը դա նրա 100-ամյա բրենդն է, ինչպես նաեւ ավանդական կազմակերպվածությունը:
ՀԱԿ-ի մրցունակության առավելությունը իշխանություններին համարձակ քննադատելն է, չնայած նրանց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը մարդկանց մեջ, ովքեր հիշում են 1990-ականները, լավագույն հուշեր չի արթնացնում: Իշխանության հետ երկխոսության ձախողումից հետո ՀԱԿ-ը, որպես ներկա իշխանության կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի ամենահամարձակ հակառակորդի, վարկանիշը փոքր ինչ խամրեց: Այդուհանդերձ, նա մնում է այս համակարգի ամենաանհաշտ քննադատը:
«Ժառանգություն» կուսակցության մրցունակության առավելությունը, մինչեւ վերջերս, դա նրանց պատգամավորն էին խորհրդարանում, ովքեր կիրթ, ինտելիգետ մարդիկ են եւ ոչնչով կապված չեն ներկա իշխանության կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի գործունեության հետ, իսկ նրանց առաջնորդը արեւմտյան առաջադեմ քաղաքական մշակույթի կրողն է նաեւ: Բացի այդ, ազգային ժողովում փոքրամասնություն կազմող նրանց ամենափոքր ֆրակցիան, որպես խորհրդարանական ընդդիմություն, այս 5 տարիների ընթացքում դրսեւորել է իր գործունեության արդյունավետությունը ինչպես խորհրդարանում, այնպես էլ նրանից դուրս պաշտպանելով քաղաքացիների շահերը: Սակայն, իր շարքերը համալրելով ՀՀՇ-ից անջատված եւ նոր ձեւավորված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարբեր հայացքների տեր անհատներով, «Ժառանգություն»-ը կորցրեց մրցունակության վերոհիշյալ առավելությունը եւ, իմ կարծիքով, դրանով իսկ նվազեցրեց նորընտիր խորհրդարանում ընդգրկված լինելու իր շանսերը:
Անհնար է չնկատել, որ Հայաստանում ձեւավորվել է իշխանության կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգ, որը եւ հանդիսանում է երկրի զարգացումն արգելակող հիմնական ուժը, քանի որ բնութագրվում է իշխանության ու բիզնեսի մոնոպոլիզացմամբ` դրանց սերտաճումով: Դա մի համակարգ է, որտեղ հասարակության շահերը զոհաբերվում են պետության հիմնական ակտիվները առգրաված մի քանի տասնյակ ընտանիքների:
Այս ամենի գլխավոր ճարտարապետը ՀՀն-ն է, որը արդեն 17 տարի իր ձեռքում է պահում իշխանությունը, որոնցից 13-ի ընթացքում նշանակում է իր վարչապետներին: «ՀՀԿ»-ն, ինչպես եւ կոալիցիոն նրա կրտսեր գործընկերները` ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն, ներկայիս կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի պահպանման բացահայտ կողմնակիցներն են: Հասկանալի է, թե ինչու. նրանց ազդեցությունն ու ակտիվները, որոնք տնօրինվում են այդ կուսակցությունների անդամների կողմից, hնարավոր են կառավարման միմիայն ներկա hամակարգի օրոք: Իշխանության կորուստը նրանց համար հավասարազոր է ձեռք բերված ակտիվների, իսկ ոմանց համար նաեւ ազատության կորստին: Իշխանության մեջ մնալը նրանց համար կյանքի խնդիր է:
Եվ այսպես ընտրարշավին մասնակցում են ներկայիս իշխող երեք կուսակցություն, որոնք մրցակցում են իրար հետ, ղեկավարող նոր կոալիցիայի, որը բնականաբար պիտի պահպանի ներկայիս կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգը, ավագ գործընկերը դառնալու համար: Այդ մրցակցությունը ընթանում է առաջին հերթին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, քանի որ առավել ազդեցիկ լծակների նրանք են տիրապետում. առաջինը` վարչական, երկրորդը` ֆինանսական: Հասարակությունը օբյեկտիվորեն շահագրգռված է, ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակով եւ նրանց կողմից նոր կոալիցիաի եւ կառավարության ձեւավորմամբ, որը նպատակ կունենա բարեփոխումներ կատարել, այսինքն ներկայիս կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգը փոխարինել մրցակցայինով: Իհարկե դա մաքսիմում ծրագիրն է: Իսկ մինիմում ծրագիրը, դա ՀՀԿ-ին զրկելն է իշխանության 13-ամյա մոնոպոլիզացումից, նրանով իսկ տնտեսության մոնոպոլիզացումից: Ինչպես երեւում է այս ընտրություններին ՀԱԿ-ն առաջնորդվում է մինիմում ծրագրի իրականացմամբ եւ այդ պատճառով, որպես գործընկեր հռչակում է ՀՀն-ին:
Իհարկե, նոր խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնություն կազմել դեռ չի երաշխավորում, թե միանգամից ռադիկալ վերափոխումներ կկատարվեն եւ ներկայիս իշխանության կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգը կվերածեն նորմալ, մրցակցային համակարգի: Սակայն դա նման անցման համար մի շանս կլինի: Առհասարակ դեմոկրատական ընտրությունները չեն ենթադրում վատ ղեկավարներին լավերով փոխարինելը, այլ միայն վատերին` ուրիշներով: Այդ դեպքում հնարավոր է դառնում իշխանության գալու մարդկանց, ովքեր ավելի կմտածեն հասարակական շահերի մասին: Մեր իրականությունում դեռ երբեք իշխող էլիտան չի փոխվել ընտրությունների արդյունքում: Երբ սկսի գործել քաղաքական համակարգը, երբ ընտրությունների միջոցով հնարավոր կդառնա փոխել իշխող էլիտան, ապա նման փոփոխությունների մի քանի փուլից հետո, կարելի է հուսալ, որ իշխանության Օլիմպում կհայտնվեն քաղաքական այնպիսի գործիչներ, ովքեր կաշխատեն ի շահ հասարակության:
Նիկիտա. Զառոբյան