Ընդդիմությունը, մասնավորապես` ՀԱԿ-ը միշտ քննադատում է այն քաղաքական ուժերին, որոնք քարոզարշավը վերածում են «ծափ-ծիծաղի, փուչիկներով, տզզիկներով, երգերով ու պարերով» հավաքներ են անցկացնում: ՀԱԿ հանրահավաքներին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մշտապես նշում է, որ քաղաքականությունը լուրջ բան է, եւ թատրոններով ու համերգներով հավաք անցկացնողները դա չեն գիտակցում:
Մայիսի 1-ին «Ժառանգությունը» պատրաստվում է Ազատութjան հրապարակում համերգ տալ եւ անցկացնել իրենց կենտրոնական հանրահավաքը: Համերգին լինելու են Ձախ Հարութը եւ Ռուբեն Հախվերդյանը: Aravot.am-ն այդ առնչությամբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարցրեց, թե համերգներով, «տզզիկ-փուչիկներով» հավաքների մասին ի՞նչ կարծիք ունի: Նա պատասխանեց. «Դուք ինքներդ տեսել եք մեր քարոզարշավը: Մինչեւ այսօր մենք լուրջ էլ իրականացրել ենք: Երբ ասում ենք, որ մենք գալիս ենք շատ հեռուներից` ավերակ դարձած մեր հայրենիքից եւ ասում ենք, որ կարոտն է մեր սրտում` դա լրջության նշան է, ուրիշ բան այստեղ ես չեմ տեսնում: Եթե ինչ-որ մեկը կասկածում է այդ լրջության մեջ, ապա կարող ենք ապացուցել»: Մեր հարցին` ո՞նց եք ապացուցելու` Զարուհին պատասխանեց. «Այ հենց ըտենց: Երբ որ երգը կա, մենք արտաբերում ենք, մենք ուզում ենք նույնիսկ այդ միջոցով մեր ասելիքը ասել: Մենք փուչիկներ, չգիտեմ ինչեր, ծափ, հանդիսավոր արարողություն չենք իրականացնելու: Բայց մշակույթի միջոցով փորձելու ենք ներկայացնել մեր ծրագիրը»:
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե Ձախ Հարութը «ձրի՞» է երգելու, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ` այո. «Ռուբեն Հախվերդյանի երգը Ձախ Հարութն է կատարում, դրա համար էլ իրենք են ցանկություն հայտնել մասնակցել: Մենք այդքան գումարներ չունենք, որ ինչ-որ մեկին երգելու համար վճարենք: Հենց այնպես չի ասվում, որ Րաֆֆի ջան, ամբողջ Սփյուռքը քո հետ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ