Ապրիլի 25-ին «Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական հանդիպում ունեցավ Նոյեմբերյան քաղաքում, սահմանամերձ Ոսկեվանում, մարզկենտրոն Իջեւան քաղաքում: Մինչ Նոյեմբերյանի հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր սահմանամերձ քաղաքի կենտրոնական փողոցում, ձեռքով բարեւում նոյեմբերյանցիներին, հարցնում նրանց՝ «ինչպե՞ս եք»:
Քաղաքի Ազատության հրապարակում ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր, ծննդով նոյեմբերյանցի Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքն առանց հովանավորի, «տանիք» չունենալով՝ մուտք է գործել քաղաքականություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժառանգություն» կուսակցությունում տիրող ազատախոհության շնորհիվ:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ իրենք դեմ են անարդարությանը, ժողովրդին ստրկացնելու ցանկացած ձեւին, հավելելով. «Թող ամեն մեկը սուսուփուս, պարկեշտ, առանց գովազդի իր բարեգործությունն անի, մեկը թող մանկատուն պահի, մեր երեխաներին կոշիկներ կարի, մյուսը թող բաժանի մուրաբա, դդում, տրակտորներ: Բայց մենք «Ժառանգությունում» ասում ենք, որ աշխատանքը, առողջությունը, մեր երեխաների կրթությունը եւ ապագան դա մեր եւ ձեր իրավունքն է: Ոչ մեկն իրավունք չունի գալ, ձեզ ինչ- որ փշրունք տալ, որ դուք վիզը ծռեք եւ շնորհակալություն հայտնեք» :
Նրա խոսքերով ՝ իրենք Ազգային նորընտիր ժողովում, մեծամասնություն ունենալով, գործընկերների հետ պրոգրեսիվ հարկ են մտցնելու, որ բոլորը՝ հարուստներից սկսած, հարկերը մուծեն եւ դրանք մուծելուց հետո ինչքան բարեգործություն անեն, իրենց հալալ է: Դրանից կլցվի բյուջեն, ներդրումներ կլինեն, աշխատավարձերը, թոշակները, նպաստները կաճեն, գնաճը կզսպվի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ