Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչխարագողությունը կոծկած ոստիկանապետի պաշտոնը կզբաղեցնի քրեականի պետը

Ապրիլ 25,2012 16:20

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հրամանով՝ Շիրակի մարզային ոստիկանության քրեական բաժնի պետ Արթուր Հակոբյանը նշանակվել է Անիի տարածաշրջանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ նախորդ օրը սեփական դիմումի համաձայն պաշտոնազրկել էին այս տարածաշրջանի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանին: Պատճառը եղել էր այն, որ վերջինս թաքցրել էր շրջակա գյուղերի` Ձիթհանքովի, Քարաբերդի, Մարալիկի տներից, գոմերից ու խանութներից կատարված գողությունները: Չնայած տանտերերն ու խանութատերերը բողոք էին ներկայացրել ոստիկանություն` հայցելով Տոնոյանի օգնությունը անհետ կորած ոչխարներին ու պարենային ապրանքները փնտրելու հարցում, սակայն ոստիկանապետը հրաժարվել էր գրանցել քաղաքացիների դիմումները:

Նշենք, որ պարոն Տոնոյանին համակարգից հեռացրել են միայն այն բանից հետո, երբ այս ամենը հրապարակվել է մամուլում: Համբարձում Տոնոյանի հետ աշխատած որոշ ոստիկաններ պնդում են, որ նա միշտ էլ այսպիսի «խասյաթ» ունեցել է, որի պատճառով էլ հաճախակի է կոնֆլիկտի մեջ մտել այլ աշխատակիցների հետ:

ՀԱԿ ակտիվիստների բնութագրելով էլ, կենցաղային գողություններն անտեսող ոստիկանապետի աչքն անչափ սուր էր Անիի տարածաշրջանում իշխանամետներ ու ընդդիմադիրներ տարբերակելու գործում: Ըստ ՀԱԿ անդամների, Համբարձում Տոնոյանը մի քանի տարի է` ամեն ինչ անում էր Մարալիկի ընդդիմադիր տրամադրությունները վերացնելու, միտինգավորների ճանապարհը Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին փակելու համար: Մոտ 3 տարի առաջ էլ Մարալիկի հրապարակում հետապնդում էր ընդդիմադիր հացադուլավորներին, մի կողմ շպրտում նրանց տեղադրած վրանները:

Ինչևէ, այս պահին նշանակված է ծառայողական քննություն, ուսումնասիրում են պարոն Տոնոյանի աշխատակազմի կողմից կոծկված գողությունները:

Քանի որ ոստիկանության պաշտոնական կայքի`police.am-ի նորություններում չկար Համբարձում Տոնոյանի աշխատանքից ազատման ու ժ/պ-ի նշանակման մասին, ավելին, որպես Անիի ոստիկանապետ դեռ Համբարձում Տոնոյանի անուն-ազգանունն է նշված՝ մենք ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ո՞րն է եղել ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը: Պարոն Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ նա երկարամյա աշխատող է, անցել է կենսաթոշակի:

Համբարձում Տոնոյանը Aravot.am-ին ևս նմանատիպ պատճառաբանություն էր ներկայացրել, միայն թե նշելով, որ ինքը պատրաստվում է անցնել կենսաթոշակի, այդ պատճառով էլ դիմում է գրել ու հեռացել:

Aravot.am-ը Աշոտ Ահարոնյանից նաև հետաքրքրվեց, թե ոստիկանապետի աշխատանքից հեռանալը որևէ կապ չունի ՞ նրա կոծկած գողությունների հետ. նշանակվա ՞ծ է արդյոք ծառայողական քննություն: «Վստահ եղեք, որ մենք հետաքրքրվում ենք մամուլում տեղ գտած ցանկացած հրապարկմամբ, և ուսումնասիրություններ ենք կատարում ծառայողական քննությունների տեսքով», -փոխանցեց ոստիկանության լրատվության վարչության պետը:

Հավելենք, որ մեզ չհաջողվեց ծանոթանալ Անիի թե հին ոստիկանապետի եւ թե ժ/պ-ի կենսագրությանն ու գործունեությանը. ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա տեղակալների տվյալներից ու լուսանկարներից բացի՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պատասխանատուները անտեսված են, բավարարվել են միայն նրանց հեռախոսահամարները ներկայացնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30