«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ահազանգում է, որ դպրոցը լիարժեք չի կատարում քաղաքացի կրթելու, դաստիարակելու իր առաջնային գործառույթը, բարձրագույն ուսումնական համակարգում շարունակում է ծաղկել կոռուպցիան, իսկ կրթության պահանջը փոխակերպվել է ընդամենը դիպլոմի պարզունակ պահանջի:
Կրթության համակարգի հետեւողական քայքայումը, ըստ կուսակցության, տանում է երիտասարդության մտավոր եւ բարոյական մակարդակի անկման, մտավորականները պահանջված չեն, գիտնականները մատնված են բախտի քմահաճույքին:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն, ՀՀ գիտակրթական համակարգի բարեփոխումներում պետք է տեղ գտնի համապատասխան բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը՝ որպես հիմք ընդունելով եվրոպական կառույցների հետ սերտաճումն ու միջազգային պայմանագրերի ընդունումը` միաժամանակ պահպանելով գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները, գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, մշակութային ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը:
Ըստ նույն փաստաթղթի, արմատական բարեփոխումներ պետք է իրականացնել մասնավորապես ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում եւ գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարեւորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: «Ժառանգությունն» առաջարկում է դրան հասնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2013թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչեւ 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի եւ տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի:
Կարդացեք նաև
Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց, ըստ կուսակցության ծրագրի, հարկ է կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում:
Գիտաշխատողների գործունեության գնահատման համար «Ժառանգությունն» առաջարկում է հիմք ընդունել միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող եւ ինդեքսավորվող ամսագրերում ու ժողովածուներում տպագրված հոդվածների, դրանց հղումների, ինչպես նաեւ համապատասխան վարկանիշ ունեցող հրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը:
Կուսակցությունը նախատեսում է ԲՈՀ-ի վերակազմավորման եւ բարեփոխման միջոցով բարելավել բարձրագույն որակավորման շնորհման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին, նաեւ գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ