Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը «սպառնում» է Գիտությունների ակադեմիան հ/կ դարձնել

Ապրիլ 25,2012 15:45

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)  ՀՀ կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծավալուն ծրագիր ունի: «Գիտության և բարձրագույն կրթության զարգացումը խիստ կենսական նշանակություն ունի հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ, բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանի համար: Հիմնարար գիտությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացումը արդյունավետ և մրցունակ հիմք է գիտատար ապրանքի վրա հիմնված տնտեսության հիմնադրման և արդի մարտահրավերների հաղթահարման համար»,- ասվում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում: ՀԱԿ-ն առաջարկում է պետության կողմից գիտության կառավարման  ներդաշնակում՝  կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականության հետ, նկատի ունենալով, որ վերոգրյալ ոլորտները փոխկապակցված են հետևյալ բանաձևով՝ «գիտությունը նոր գիտելիք է գեներացնում,  այն` կրթության միջոցով, փոխանցում է սերունդներին, իսկ ձեռք բերած գիտելիքը պահպանում է մշակույթը»:

Ըստ ՀԱԿ-ի ծրագրի, գիտական, կրթական և մշակութային հիմնարկների կենտրոնական միավորն ու ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտաշխատողն ու դասախոսը։

Ի թիվս այլ «բացերի», ՀԱԿ-ը փաստում է, որ գիտական և գիտահետազոտական բնագավառը մշտապես թերֆինանսավորված է, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել խոշոր գիտական նախագծեր, չի լուծում նորագույն թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և սպասարկման խնդիրները, չի ստեղծում հնարավորություն գիտության, գիտական խմբերի և տնտեսության միջև ճկուն հարաբերություններ հաստատելու համար,  վտանգված է հայաստանյան գիտակրթական, գիտահետազոտական հաստատությունների միջազգային վարկանիշը: Կոնգրեսի գնահատականի համաձայն, ոլորտում ձևավորված չէ մրցակցային միջավայր, չի կազմավորվել կրթական և հետազոտական ծառայությունների շուկա, իսկ բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերը ճկուն չեն , դրանց կազմավորման պրոցեսը բյուրոկրատացված է, զուրկ մրցակցային հենքից և անկախ փորձագիտական գնահատումից։ ՀԱԿ-ը խոստանում է վերանայել  պետական բուհերի՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակը՝ դրանք վերածելով հանրային ուսումնական հաստատությունների, բուհերի և գիտահետազոտական հաստատությունների կողմից օգտագործվող անշարժ գույքը և նյութատեխնիկական ենթակառուցվածքները վերահաշվառումից հետո անհատույց` որպես պետական ներդրում, փոխանցել վերակազմավորվող հաստատություններին։ Կոնգրեսը նաեւ նպատակ ունի հիմնարար գիտությամբ զբաղվող գիտական հիմնարկների համար ձևավորել իրավական կարգավիճակ, որը հնարավորություն կտա հիմնականում (80%  և ավելի) ֆինանսավորվել պետության կողմից և ունենալ գիտական հետազոտությունների ուղղություններ ընտրելու ազատություն։

ՀԱԿ-ը այլ մոտեցում ունի ԳԱԱ-ի հանդեպ. մտադիր է ԳԱԱ ակադեմիկոսների ինստիտուտը վերակազմավորել հասարակական կազմակերպության, իսկ գիտական կազմակերպությունների ներկա համակարգը վերածել ինքնակառավարվող գիտական միավորման:

ՀԱԿ ծրագրում նշված է, որ նպատակահարմար է վերացնել «ավագ դպրոց–բուհ» անցման ընթացքում տարատեսակ քննությունների (միասնական, կենտրոնացված և այլն) ներկայումս գործող համակարգը, ընդունելության կարգը սահմանել բուհի կողմից։

ՀԱԿ-ը այլ բաներ էլ է նախատեսել. «Կվերացվեն ուսանողների՝  կուտակած կրեդիտների հիման վրա մասնագիտությունը փոխելու կամ այլ բուհ փոխադրվելու իրավունքը խոչընդոտող օրենսդրական և կանոնակարգային արհեստական արգելքները, կվերափոխվի ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման գործող համակարգը՝ այն կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված ձևաչափերին և միաժամանակ կապահովվի ՀՀ գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական համակարգերի արագ ինտեգրումը միջազգային համակարգերին։

Միջազգային ճանաչման արժանանալուն զուգընթաց, պետության կողմից գիտական խորհուրդների հաստատված չափորոշիչների համաձայն՝ աստիճանական անցում կկատարվի նրանց կողմից գիտական աստիճանների և կոչումների շնորհմանը»:

ՀԱԿ-ը մանրամասն եւ հիմնավորված նշում է ֆինանսավորման աղբյուրներն ու ուղիները եւ նպատակներին հասնելու երաշխիքները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30