Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «մեքենաների դեֆիլե» է արել Դեմկուսի քարոզարշավին

Ապրիլ 25,2012 15:21

«Կուսակցություններն անհամեմատ կոշտ պայքարի մեջ են: Մենք մեր արշավը հաջող սկսեցինք, բայց օր օրի բարդությունների առաջ ենք կանգնում ժողովրդի հետ հանդիպումները կազմակերպելու հարցում: Օրինակ՝ Վանաձորում մեր կառույցները լուրջ աշխատանքներ էին տարել, բայց հանդիպման օրը բացահայտ շանտաժ եղավ. եկան միայն այն մարդիկ, որոնք չէին վախեցել ու ասացին, որ արգելվել է գալ մեզ հետ հանդիպման: Այդ պահին եկան ՀՀԿ-ական դրոշներով 15-20 ավտոմեքենա, դեֆիլե արեցին ու գնացին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով քարոզարշավի մասին:

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում ընտրողների մեծ մասը ահաբեկված է, քանի որ տարբեր տեսակի հորինվածքներ են շրջանառվում անձնագրային տվյալները վերցնելու հետ կապված, ինչն էլ նա որակեց հոգեբանական Ճնշում:

Սարգսյանն ասաց, թե իրենց ծրագրերի հետ կապված ուշադրությամբ լսում է բոլոր առաջարկներն ու հետեւում դիտողություններին:

«Ժողովուրդն արդեն տարբերում է նրանց, ովքեր իշխանության մեջ են եղել, կոալիցիա ձեւավորել ու այդ կոալիցիայի աշխատանքի արդյունքներն այժմ առկա են: Հիմա եթե նույն կոալիցիան ձեւավորվի, մենք շատ մեծ հետընթաց կունենանք առաջիկա 4-5 տարիների համար: Բացահայտ է, որ երկու քաղաքական ուժ, որոնք այժմ պայքարում են ամբողջական իշխանությունը վերցնելու համար, չեն կարող միասնաբար մի ծրագիր իրականացնել, չէ՞ որ նրանց համար գլխավոր հարցը իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնելն է»,- կարծում է Դեմկուսի նախագահը՝ հավելելով, որ միայն «Դեմկուսի» նման կուսակցություններն իրավունք ունեն խոստումներ տալու, քանի որ իրենք նաեւ ներկայացնում են, թե ինչպես պետք է հարցը լուծել:

Սարգսյանն անդրադարձավ նաեւ ամենուր բաժանվող ընտրակաշառքի չափերին ու ձեւերին. «Ընտրակաշառքի ձեւերը հասել են ծիծաղելի ձեւերի, մեկը կոնֆետի տուփ էր բաժանում, մյուսը՝ մուրաբա»:

Aravot.am-ի հարցին էլ՝ ձեզանից ի՞նչ են ուզել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեզանից բան չեն ուզել, որովհետեւ գիտեն , «Դեմկուսը» հայտարարել էր՝ ոչ մեկին չենք գնելու, ֆինանսական օգնություն չենք տալու: Եվ ընդհանրապես մեզ մի տուփ կոնֆետի կամ մուրաբայի դիմաց չեն ձայն տալիս: Չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց մենք ունենք ընտրազանգված»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30