Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. Ընտրակաշառք տվողը թքում է կաշառվողի երեսին

Ապրիլ 25,2012 15:14

«Հասարակության տարբեր խավերի քաղաքական ընտրություն կատարելու առանձնահատկությունները» թեմայով այսօր լրագրողների հետ խոսեցին ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դեվրիկյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան ընտրազանգվածը Սամվել Խուդոյանը բաժանում է երեք խմբի` ինտելեկտուալ, ոչ ինտելեկտուալ եւ հուզական ընտրողներ. «Ինտելեկտուալները հարցին քննադատաբար են մոտենում եւ ավելի քցող-բռնող են, ոչ ինտելեկտուալներն ընտրում են գովազդի ազդեցությամբ կամ իրենց շահի համար, իսկ հուզական ընտրողները հիմնվում են տպավորությունների վրա»,- նշեց հոգեբանը` հավելելով, որ կուսակցությունների կազմում հիմնականում ընդգրկվում են երիտասարդ կարիերիստ-ֆանատների խմբեր, որոնց նպատակը պաշտոն ստանալու ձգտումն է:

Իսկ Վ. Դեվրիկյանը հարցը դիտարկեց կենցաղային տեսանկյունից. «Ընտրողները սովորաբար հաշվի են առնում իշխանությունների դերը եւ ֆինանսական հնարավորությունները, բայց պետք է հաշվի առնել եւ գնահատել նաեւ պատգամավորության թեկնածուի բարոյական մակարդակը եւ կրթվածության աստիճանը»:

Այս տարվա ընտրական գործընթացում պարոն Դեվրիկյանն առանձնացրեց լրագրող-թեկնածուներին. «Լրագրողներն օբյեկտիվ լինելու փոխարեն քաղաքականացվում են, բայց նրանց խոսքի դերը շատ է կարեւորվում: Ցանկալի կլիներ, որ այդ դերը ստանձնեին իրավաբանները եւ տնտեսագետները: Մյուս կողմից էլ, կարծում եմ` լրագրողների շնորհիվ հաջորդ ընտրություններին կունենանք որակապես փոխված հասարակություն»: Գրականագետը նաեւ հավելեց, թե հասարակությունը չի մնացել լրագրողների հույսին. «Ցանկալի կլիներ տեղ տալ գիտության եւ մշակույթի մարդկանց, ոչ թե հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող լրագրողներին»:

Ս. Խուդոյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի որակը չի փոխվել, բայց կուսակցություններն առավել շատ են սկսել ուշադրություն դարձնել հոգեբանական ազդեցությանը. «Բայց ամեն տեղ նույն բանն են խոսում, խոսացածն էլ վերածվում է կենացի` «մենք լավն ենք, մեզ ընտրեք», «իրենք վատն են, մեզ ընտրեք», կամ «մենք այսպես կանենք, մենք այնպես կանենք»…: Իսկական PR չկա»: Ըստ հոգեբանի, ճոխ քարոզարշավն ընտրողների վրա բացասական ազդեցություն է ունենում. Օրինակ՝ ընտրողը սկսում է մտածել, թե որտեղից թեկնածուին ճոխ մեքենա:

Վ. Դեվրիկյանի խոսքով. «Կարեւոր է մտավորականների դերը խորհրդարանում: Պարտադիր չէ լինեն մարդ խփող ու թիկնապահներով շրջապատված պատգամավորներ»:

Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Ս. Խուդոյանը նշեց, որ կաշառվողի հոգեբանությունն արդեն իսկ ապականված է. «Եթե մեկը սովոր է ձու գողանալ, ձեռքը ձիուն էլ կգցի: Կաշառքը վիրավորանք է, իսկ տվողն էլ կարծես թքում է կաշառվողի երեսին ու ասում` ես քեզ գնեցի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30