Այսօր «Արցախ» ակումբում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը չօգտագործելը զուտ համակարգչի տեխնիկական սխալի արդյունք է. «Տեխնիկական սխալի պատճառով է եղել, իրապես վրիպակ է տեղի ունեցել, մենք կունենանք մեր վստահված անձինք, որոնք հետեւելու են բոլոր գործընթացներին: Համակարգչին բոլորդ ծանոթ եք, չի հասել տեղ այն տեղեկությունը, որը պետք է տեղի ունենար, պետք չի աղմուկ հանել այստեղից եւ փոթորիկ անել, որովհետեւ 2007-ին էլ չկային հանձնաժողովներում անդամներ եւ մեր վստահված անձինք էին հետեւում, պետք չէ զրպարտչական հայտարարություններ անել»:
Քարոզարշավի ընթացքը Զարուհի Փոստանջյանն այսպես գնահատեց. «Ընտրակաշառքներ կան, խախտումներ կան: Կեղծ բարեգործության անվան տակ կուսակցության լիդերները բաժանում են ըստ էության ընտրակաշառք: Օրինակ՝ տրակտորների, մուրաբաների բաժանումը, հանրային տարածքների օգտագործումը՝ ՀՀԿ դրոշակների ու գրասենյակների համար: Իհարկե, բռնության դեպքեր էլ են եղել՝ ոչ «Ժառանգության» թեկնածուների նկատմամբ»:
Իր դռնեդուռ քարոզարշավը ցույց է տվել Զարուհուն, որ մարդիկ շատ լավ տեղեկացված են, թե որ կուսակցությունն իրենից ինչ է ներկայացնում, ինչ ծրագրերով է հանդես գալիս:
Զ. Փոստանջյանը ներկայացրեց նաեւ մարզային հանդիպումների ընթացքը: Մեր հարցին՝ Սյունիքի մարզում մթնոլորտը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանու ներքո ինչպիսի՞ն էր՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Նրա «հեղինակությունը» տարածվում է Գորիսում եւ Կապանում: Նույնիսկ Գորիսում մարդիկ պատուհաններից նայում էին մեզ: Քաջարանում բավական ջերմ հանդիպում տեղի ունեցավ, մարդիկ մոտեցան՝ չվախենալով իրենց դիրքորոշումը հայտնեցին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ