Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի ունեցավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստը: Նիստը վարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՄԱԿ-ի ԶԳ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և այլ պաշտոնատար անձինք:
Ներկայացվեցին ԵՄ խորհրդատվական խմբի 2011 թվականի տարեկան և 2012 թվականի առաջին եռամսյակային հաշվետվությունները: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիեստան հույս հայտնեց, որ նախընտրական գործընթացները չեն դանդաղեցնի իրենց աշխատանքները: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կշարունակի խարսխված լինել ազատ առևտրի դաշտի ստեղծման վրա, կշարունակվի բյուջետային շոշափելի միջոցների տրամադրումը:
Դեսպանը հորդորեց Հայաստանին օգտագործել խորհրդատվական խմբի խորհրդատվությունն ու ռեսուրսները: ԵՄ կողմի պաշտոնատար անձինք նկատեցին, որ խորհրդատվությունը պարտադրված չէ, այլ՝ պահանջարկված ՀՀ-ի կողմից: Խորհրդատվական խումբն իր գործունեության ընթացքում ծրագրեր է իրականացրել մարդու իրավունքների, մտավոր սեփականության իրավունքի, միգրացիայի, առևտրային քաղաքականության, պետական կառավարման և այլ ոլորտներում:
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հայթիկայնենը, որն ավարտեց իր աշխատանքն այս պաշտոնում, նշեց, թե իրենց գործունեությունը հայեցակարգային մոտեցում ունի և հիմնված է խորհրդատվության վրա: Նա վստահեցրեց, որ վերադառնալով Ֆինլանդիա, որպես դեսպան հանդես կգա Հայաստանի ջատագովմամբ:
Կարդացեք նաև
Նիստի ավարտից հետո Aravot.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիեստային խնդրեց գնահատել ՀՀ-ում ներկայումս ընթացող քարոզարշավը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից: Դեսպանը չցանկացավ հստակ գնահատականներ տալ և նշեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի հաշվետվությունը դրա լավագույն գնահատականն է: Հաշվետվությանը կարելի է ծանոթանալ euadvisorygroup.eu կայքէջից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ