«Դեբատ» ակումբում այսօր կայացած բանավեճին, որը նվիրված էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ներկա էին ՀՀԿ, ՀԴԿ եւ ընտրություններին մասնակցության հայտ չներկայացրած «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչները:
Երբ քննարկվում էր խորհրդարանական հանրապետություն դառնալու հարցը, «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը մի կողմից նշեց, որ իրենց կուսակցությունը 100% համամասնական ընտրակարգի կողմնակիցն էր, մյուս կողմից ասաց. «Մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ է նախագահական համակարգ: Այս պերմանենտ պատերազմական իրավիճակում գտնվելով, նման հարեւանների հետ, երբ կտրուկ որոշումներ ընդունելու հավանականությունը շատ մեծ է, ճիշտը նախագահական համակարգն է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում բացառապես խորհրդարանական իշխանություն ձեւավորելը ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր է»:
ՀԴԿ ներկայացուցիչ Արամ Գյուրջյանն էլ ասաց, որ պառլամենտարիզմի համար երկու կարեւոր նախապայման է հարկավոր` լուրջ, կայացած քաղաքացիական հասարակություն եւ քաղաքական ուժերի գիտակցումը, որ իրենք հաշվետու են ընտրողների առջեւ: Այդ երկուսն էլ, ըստ պարոն Գյուրջյանի, պակասում են մեզ մոտ: Նա նույնիսկ հաշվետու լինելու ցանկության բացակայության մի օրինակ բերեց, երբ քաղաքական դեբատին մասնակցել են հրավիրված ինը քաղաքական ուժերից ընդամենը երեքը, եւ մի հեռուստադիտող հետաքրքրվել է դեբատին ներկա պատգամավորից` «Պատգամավոր ջան, չէ՞ որ դու աշխատավարձ ես ստանում, ինչո՞ւ չես մասնակցում նիստերին»:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար ժողովրդի ձայնը խորհրդարանում ուղիղ, անմիջապես հնչեցնելը մի բան է, եւ այլ բան է` ժողովրդի ձայնը կուսակցական խողովակներով անցկացնելը, օրենքների տեսք տալն ու հնչեցնելը: Նա երկրորդ տարբերակի կողմնակիցն էր, կարծելով, որ առաջին տարբերակի դեպքում` «Խորհրդարանը կվերածվի բանավեճի ակումբի»: Պարոն Ալեքսանյանը նույնիսկ ասաց, որ տեղին չէ հաշվել եւ հպարտանալ, թե որ պատգամավորը քանի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել. «Երբ ասում են` էսինչ մարդն էսքան օրենսդրական նախաձեռնություն է արել… կարող է նույն օրենքի մեջ կետային եւ բառային փոփոխություններ լինեն եւ 10-20 անգամ փոփոխվի եւ ամեն անգամը համարի, որ օրենսդրական նախաձեռնություն է արել»
Կարդացեք նաև
Պարոն Ալեքսանյանը նաեւ «պոպուլիզմ» որակեց հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը.«Այդ հարցերի, խնդիրների 80%-ը պատգամավորը հնարավորություն ունի լուծելու, նախարարի, մարզպետի մոտ գնալու, դիմելու, բայց ինքն ուզում է, որ բոլորը տեսնեն, որ հարցը հնչեցրեց: Երբեմն նույնիսկ նախարարը կամ մարզպետը զարմանում է, ասում է` բա մի բերան ասեիք»:
«Առավոտի» դիտարկմանը` եթե եթերով եւ հրապարակային չհնչեցվի, նույն մարզպետը կամ նախարարը այդ խնդիրն ուղղակի ականջի հետեւ կգցի, պարոն Ալեքսանյանը մասամբ համաձայնեց. «Իմ ասածը ընդդիմությանը չի վերաբերում, ընդդիմադիրների հնչեցրածը ճիշտ եմ համարում, բայց երբ իշխանական պատգամավորներն են ելույթ ունենում, դա պոպուլիզմ է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ