Ապրիլի 22-ին Կոպենհագենի Ազգային թանգարանում «Թռչնոց բույն» խորագրով միջոցառումների շարքից մեկնարկեց առաջինը` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր «Դան Արմեն» հայ-դանիական ասոցիացիան:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ «Դան Արմեն» ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդը (Ole Meldgaard), ով նշեց Հայոց ցեղասպանության փաստը և կարևորեց այն ճանաչելու անհրաժեշտությունը` ապագայում նման հանցագործությունները կանխելու համար: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր խոսքում, երախտագիտություն հայտնելով դանիացի միսիոներների կողմից Հայոց Մեծ Եղեռնից փրկված հազարավոր հայ որբ երեխաների և կանանց հանդեպ հոգ տանելու անձնուրաց գործունեության համար, նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ժամանակի խնդիր է: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի կողմից Լիբանանում հիմնադված «Թռչնոց բույն» մանկատան մասին «Մայրիկը» վերնագրով իր հիշողությունները ներկայացրեց Արաքսի Կաբաքյան-Պետերսենը:
Միջոցառմանը «Սկանդինավիան եվ Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Մաթիաս Բյոռնլուդը (Matthias Bjørnlund):
Կարդացեք նաև
Տեղի ունեցավ նաև դասական երաժշտության համերգ, որին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Նարեկացու, Հարություն Դելալյանի, Շուբերտի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիայից) և դաշնակահար Հայկ Մելիքյանը (Երևանից):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ