Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիզայների աշխատանքը «աչք ծակեց»

Ապրիլ 25,2012 14:04

Խառատյանական վերջին պրեմիերաներում կրկին նույն նկարիչն է

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում բալետային պրեմիերա էր: Գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով ներկայացվեցին Վիվալդիի «Տարվա եղանակները» շարքից՝ «Գարուն» եւ Ռավելի «Բոլերո» մեկական գործողությամբ բեմադրությունները: Նվագախումբը ղեկավարում էր թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Ժամանակակից խորեոգրաֆիայով արված այս բալետները թողնենք տեսաբաններին, իսկ նրանք, մեր տվյալներով, հանրապետությունում երկուսն են՝ Հասմիկ Մարկոսյանն ու Նազելի Սարգսյանը:

Հավելենք,  որ հանրահայտ ստեղծագործությունների դուրգարյանական մեկնաբանումից գոհ էր հանդիսատեսը: Առանձնացնենք Վիվալդիի ստեղծագործության ժամանակ թատրոնի նվագախմբի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանի իսկապես բարձրակարգ կատարումը:

Անդրադառնալով «Գարնանն» ու «Բոլերոյին», հանդիսատեսի եւ մեր «աչքը ծակեցին» զգեստները՝ իրենց ժամանակակից ու գրավիչ դիզայնով: Դրանց հեղինակը Աստղիկ Ստեփանյանն է: Վիվալդիի երաժշտության ուղեկցությամբ դիզայները մտածել էր դիցաբանական միստիկ կերպարներ՝ սպիտակ, փարթամ մազերով, արտահայտիչ աչքերով, նկարազարդված զգեստներով, ինչը խորհրդանշում էր բնության զարթոնքը: «Բոլերոյում» իսպանական ազգային հագուստին բնորոշ տարրերը բացակայում էին, փոխարենը շեշտված, ընդգծված էր արտիստների մարմինը:

Տեղեկացնենք, որ այս աշխատանքների միջոցով երիտասարդ դիզայները երկրորդ անգամ է համագործակցում Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի հետ: 2011թ. Աստղիկը իրականացրել է Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման ոչ միայն զգեստների, այլեւ բեմի դիզայնը: Այս աշխատանքը ներկայացված է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին՝ «Բեմանկարչություն» անվանակարգում:

«Առավոտի» հետ զրույցում Աստղիկ Ստեփանյանն ասաց, որ «Ռոմեո եւ Ջուլիետին» մասնակցել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում սովորելիս: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Օպերային թատրոնը կամ Ռուդոլֆ Խառատյանը որտեղի՞ց իրեն «հայտնաբերեցին», մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ ինքը քանդակագործ Գագիկ Ստեփանյանի դուստրն է եւ հոր միջոցով է  ծանոթացել բալետմայստերի հետ. «Պարոն Խառատյանը ինձ հրավիրեց փորձի ու ասաց, որ բեմադրելով «Գարունը», ինքը ներշնչվել է Բոտիչելիի հանրահայտ «Գարունը» կտավից, բայց միեւնույն ժամանակ ցանկություն հայտնեց, որ զգեստների վրա աշխատելիս աչքի առջեւ ունենամ ժամանակակից ոճը: Դա իմ սրտով էր. չէ՞ որ ժամանակակիցը հնի ու նորի համադրումն է»: Ինչ վերաբերում է «Բոլերոյին», դիզայները հայտնեց, թե ինքը ի սկզբանե ցանկացել է ստեղծել երկրաչափական պարզ գծերով հագուստներ: Հավելեց նաեւ, որ եթե թատրոնում ռեժիսորն իր մտահղացումն արտահայտում է պարով, պարողը՝ ներքին էմոցիաներն է ջանում հասցնել հանդիսատեսին, ապա նկարչի գործն է ստեղծել խոսուն կերպարներ:

Ռեպլիկին, թե անփորձ դիզայների համար միանգամից մեծ բեմում աշխատելը սարսափելի չէ՞ր, Աստղիկը  հայտնեց. «Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանս՝ վախ չունեմ»: Տեղեկացրեց նաեւ, որ բալետային խմբի հետ իր համագործակցությունը կշարունակվի. «Սկսել եմ էսքիզներ պատրաստել Առաջին Հանրապետության օրվա առիթով Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի երաժշտությամբ խառատյանական նոր բեմադրության համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30