Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում և Բարսելոնայում: Կիրակի օրը Իսպանիայի մայրաքաղաքի Iglesia de las Carmelitas եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հաջորդեց մադրիդահայության ծխական խորհուրդի ուժերով կազմակերպված սգո հանդիսություն:
Նույն օրը Բարսելոնայի Մարե դե Դեու դելս Անխելս եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն, որը կատարեց Իսպանիայում հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Հոգևոր քարոզով և զորակցության խոսքով ելույթ ունեցավ Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Ռաֆայել Մենդես Էլինը: Եկեղեցական հանդիսությանը հետևեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Կատալոնիայում ՀՀ պատվո հյուպատոս Խուան Սանմարտինը, Կատալոնիայի ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղաքյանը, հայկական մշակութային կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ապրիլի 22-ին Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ վալենսահայությունը համախամբվել էր Միսլատայի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի մոտ, ուր ծաղիկներ զետեղվեցին, մոմեր վառվեցին և խունկ ծխվեց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկա էր նաև Միսլատայի հեռուստատեսությունը, որը տեսանյութը հեռարձակեց ապրիլի 24-ին: «Արարատ» միությունը նաև նախաձեռնել էր ստորագրահավաք` կոչ անելով Վալենսիայի Խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ստորագրահավաքին միացել են ավելի քան 2000 վալենսիացիներ:
Կարդացեք նաև
Ապրիլի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն: Հիշատակման խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Քահանա Տեր Մասիս Գույումջյանը կատարեց հոգեհանգստի պաշտոն: Տեղի ունեցավ իսպանացի ականավոր գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի Հայկական հարցին նվիրված «Ռումբը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հեղինակը հանդես եկավ շնորհակալական խոսքով, արտահայտեց իր խորին համակրանքը Հայաստանի և հայ ազգի նկատմամբ, վերահաստատեց իր անվերապահ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին` հասնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, համոզմունք հայտնեց, որ համադրված ջանքերով և նպատակասլաց աշխատանքով մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել այդ նպատակին:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Ալիկանտե քաղաքի հայությունը և մեծ թվով իսպանացիներ, որոնք հավաքվել էին քաղաքի Պալմերա զբոսայգում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Տեղի ունեցավ սգո արարողություն, տեղադրվեցին ծաղկեպսակներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ