Լույս է տեսել Արսեն Բաբայանի «Դուռը բաց է, մտեք» պատմվածքների ժողովածուն, որտեղ զետեղված են հեղինակի վերջին տարիների ստեղծագործությունները, բացառությամբ «Հյուրանոցում» պատմվածքի…
Որդին վերջապես վերադառնում է տարագրությունից եւ տուն է մտնում հենց այն ժամանակ, երբ հայրն արդեն վերջին վայրկյաններն է ապրում: Հայրական օջախի շնչառությունը շարունակվում է… («Դուռը բաց է, մտեք»):
Մեր օրերին բնորոշ ու մեզ հուզող արտագաղթի թեման շոշափված է նաեւ «Տարագրություն» ծավալուն պատմվածքում, ուր հեղինակը մատուցել է երկու վերջաբան. գլխավոր գործող անձը մի դեպքում կնքում է իր մահկանացուն, իսկ մյուսում հասցնում է փախչել այլ երկիր, տեղ գտնել այլ իրականության գրկում, որտեղ, սակայն, մայրամուտներն էլ տարաշխարհիկ են: Կա անդրադարձ նաեւ խորհրդային կարգերի վերացմանը («Փլուզում»):
Մի խոսքով՝ գրքի դուռը բաց է, եւ ով ցանկանա, կարող է ներս մտնել: Սա Արսեն Բաբայանի երրորդ գեղարվեստական գիրքն է, ուր կհայտնվեք ձեզ ծանոթ միջավայրում, կհանդիպեք ծանոթ կերպարների, անգամ… գորշ գայլի: Հեղինակի ասելիքը պարզ է, հստակ, տեղ-տեղ խորհրդանշական պատկերներով, եւ… առանց որեւէ փականի:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ