Ասում է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Անահիտ Գեւորգյանը
2010թ. մարտի 24-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը քննության դրեց Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Գեւորգյանի վարչական գործը՝ ընդդեմ շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Արմիկ Ավանեսյանի թիվ 7 հրամանն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ հրամանով Անահիտ Գեւորգյանն ազատվել էր դպրոցի տնօրենի պաշտոնից: Անահիտ Գեւորգյանը դիմեց ԼՂՀ Գերագույն դատարան՝ բողոքարկելով դատական ակտը:
ԼՂՀ Գերագույն դատարանից Անահիտ Գեւորգյանը ստացավ իր բողոքը վերադարձնելու մասին որոշում: Ձեւակերպվել էր, թե տիկինը բաց է թողել բողոք բերելու ժամկետը: Սակայն ժամկետը բաց էր թողնվել ոչ թե Անահիտ Գեւորգյանի մեղքով, այլ, ինչպես հետագայում պարզվեց՝ դատարանի գործավարների պատճառով: ԼՂՀ Գերագույն դատարանն ի վերջո լսեց բողոքը եւ մերժեց Անահիտ Գեւորգյանի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջը:
Դատարանը, սակայն, «չնկատեց», որ Անահիտ Գեւորգյանը երբեւէ չի ենթարկվել կարգապահական տույժի, թույլ չի տվել որեւէ խախտում եւ իր աշխատանքը կատարել է բարեխղճորեն: Այս օրերին Ասկերանի շրջանի մի քանի դպրոցների տնօրեններ (Հովսեփավան, Կենտրոնական…) աշխատանքից ազատվեցին յուրացումների եւ այլ խախտումների համար:
Կարդացեք նաև
Անահիտ Գեւորգյանի դիտարկմամբ. «Գրեթե ոչինչ չկատարելով՝ ես էլ եմ տուժել եւ շարունակում եմ մնալ իրավունքներս չվերականգնած: Ես վստահություն չունեցող մարդ էի, նրանք էլ՝ վստահություն ունեցողները»: Մինչդեռ, ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Մեկ այլ հոդվածով էլ նախատեսված է, որ գործատուն պայմանագիրը լուծում է, եթե աշխատողը թեկուզ մեկ անգամ թույլ է տվել աշխատանքային կարգապահության թեկուզ մեկ խախտում:
Հիշեցնենք, որ Անահիտ Գեւորգյանը Հայաստանի Հանրապետության առաջին Գերագույն խորհրդի պատգամավորն էր, որը թողնելով Հրազդանի դպրոցի տնօրենի աշխատանքը, 2006թ.-ին ինքնակամ գնաց Արցախ, շարունակելու մանկավարժական գործունեությունը:
Բացառիկ նկարագրի տեր անձնավորություն, անկաշառ, որին բախտ վիճակվեց, սակայն, դառնալ «վտանգավոր» Արցախի համար: «Վտանգավոր» դարձավ այն ժամանակ, երբ սկսեց իր իրավունքները պաշտպանել դատական ատյաններում:
Երեկ մեր զրույցի ժամանակ Անահիտ Գեւորգյանը տեղեկացրեց, որ դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ արդարադատության խորհրդին՝ խնդրելով Գերագույն դատարանի որոշումը վերանայելու իրավունք տալ իրեն. «Այդ նիստը օրինախախտումներով է տեղի ունեցել: Գերագույն դատարանի վճիռն այստեղ վերջնական է, եթե նոր հանգամանքներ չկան: Մինչդեռ նոր հանգամանքներն առկա էին: Դատարանն իր սխալ արձանագրության հիման վրա լուծում է տվել»:
Անահիտ Գեւորգյանն ասում է նաեւ, որ իր նկատմամբ Գերագույն դատարանն օրենքը կիրառել է քմահաճորեն. «Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ մերժվել է իմ բողոքը: Առանց իմ պատճառաբանությունների, իմ միջնորդությունների, նույն սխալն արեցին, թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը»:
Անահիտ Գեւորգյանը արդարադատության խորհրդին դիմելով ակնկալում էր, որպեսզի կարգապահական վարույթ հարուցեն դատավորների նկատմամբ, որոնք «անցել» են այս գործով: Դատավորներ Շուրա Օհանյանն ու Զոյա Օհանյանը պաշտոնանկ են արվել: Անահիտ Գեւորգյանն ասում է. «Իմ խնդիրը նրանց պաշտոնանկ անելը կամ պատժելը չէր, այլ արդյունքը, որ իրենց կայացրած սխալ դատական ակտի հետեւանքով ես աշխատանքում չեմ վերականգնվել: Իմ խնդիրը այդ սխալ լուծումը վերանայելն է»:
Նկատենք, որ ԼՂՀ արդարադատության խորհրդի նախագահը նույն ինքը՝ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանն է, սակայն նա կարո՞ղ է, ըստ Անահիտ Գեւորգյանի, «ճահիճը պղտորել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Անահիտ Գեւորգյանը ներկայումս աշխատում է հայոց լեզվի ուսուցչուհի՝ 30 000 դրամ գումարով: Իր սոցիալական վատ վիճակի մասին էլ ասում է.«Ես հող ուտելով էլ կարող եմ ապրել»: Սակայն գտնում է, որ պիտի պայքարի, քանի որ չի ուզում՝ որեւէ մեկը կարծի, թե իր նկատմամբ անարդար վարվելով՝ կարող են դա մարսել: «Ես իմ երեխաներին ասում եմ՝ արդար եղեք, հետո չե՞ն ասի՝ այս էլ արդարը: Ցեխի մեջ թաթախվելն իմը չի: Ուզում եմ, իրոք, արդարությունը հաղթի»:
«Առավոտ» օրաթերթ