ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ ՀՀԿ-ՀԿԿ համագործակցության, իշխանական «զուռնաչիների» եւ ժողովրդի «սեւ սրտի» մասին:
– Ամփոփելով քարոզարշավի անցած փուլը՝ ՀՀԿ գործադիր մարմինը նախորդ օրն ուղերձ է հրապարակել, որով հանրապետականների համար «խաղի կանոններ» են սահմանվում: «Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց եւ շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլեւ նոր որակի ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ուղերձում: Անկե՞ղծ է ՀՀԿ-ի այս պատգամը:
– Հիմա շատերն են ուղերձներ հղում, որպեսզի ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ անցնեն, բայց ՀԿԿ-ն միշտ դրա անկեղծ կողմնակիցն է եղել, մանավանդ՝ իմանալով, որ չի կարողանում հսկել իր ձայները: Անցյալ ընտրություններում միայն 250 ձայն Արագածոտնի մարզում գողացան: Մենք ուզում ենք հավատալ այդ անկեղծությանը, բայց ժողովրդին էլ պետք է հավատ ներշնչել: «Ներքեւներում» բոլորովին այլ իրադրություն է: Այսօր էլ շարունակում են կաշառք, տարբեր ապրանքատեսակներ բաժանել, այսօր էլ կան մի շարք արատավոր երեւույթներ, որոնք չեն համոզում, որ ընտրությունները կարող են արդար ու թափանցիկ ընթանալ: Ամեն անգամ էլ ասել են՝ արդար, թափանցիկ ու «աշխատել» են նույն մեթոդներով:
Կարդացեք նաև
– Կոմկուսն էլ բավականին մարզային այցելություններ ունեցավ քարոզարշավի անցած փուլում: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք:
– Կոմունիստական կուսակցությունը երբեք իր հետ ավտոբուսներով մարդ չի տանում, զուռնաչիների չի տանում, երգիչների չի տանում: Ժողովրդի սեւ սրտին էդ մխիթարանք չի, մենք դա հասկանում ենք: Մենք մեր տեսահոլովակներում էլ մոնտաժ չենք անում՝ մարդաշատ հանդիպումներ ցույց տալու համար, թե իբր մարդիկ իրար սպանում էին էդ հանդիպմանը ներկա գտնվելու համար… Փողային հրավառություն է այսօր տեղի ունենում՝ այն դեպքում, երբ ժողովուրդը սոված է, գործազուրկ է, գաղթում է երկրից: Բա մեզ ու մեր ժողովրդին սա սազո՞ւմ է: Պատմում էին, որ մի թեկնածու վարսավիրանոցի ծախսերն է հոգում…
Կոմկուսը գնում է շատ համեստ, հանգիստ՝ բացատրելով իր գաղափարախոսության առավելությունը: Մեր ուշադրության կենտրոնում այսօր երիտասարդներն են: Մեր երիտասարդության վիճակն է շատ ծանր, երիտասարդների ապագան է խորտակվում, որովհետեւ այսպես շարունակելուց հետո երկիրը եկող հինգ տարիների ընթացքում իսկապես ծանրագույն վիճակի մեջ կհայտնվի:
22 տարի՝ նույն դեմքերն ու նույն կուսակցությունները, էլ չեմ ասում խոստումները, որոնք ամբողջությամբ վերցված են Կոմկուսի ծրագրից ու գաղափարախոսությունից: Անցած օրը մի գյուղում լսեիք, թե ինչպիսի հայհոյախառն արտահայտություններ էին հնչում այդ քաղաքական ուժերի հասցեին: Ասում էին՝ մեզ ուզում են էլի խաբե՞լ, էս ի՞նչ խոստումներ են տալիս: Սա է իրական պատկերը:
– Հանրությունը հիասթափված է ե՛ւ գործող, ե՛ւ նախկին իշխանություններից, որոնք հավակնում են վերադառնալ. դա ի՞նչ հնարավորություններ է տալիս Կոմկուսին: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ արդյունքներ կարող է արձանագրել ՀԿԿ-ն այս ընտրություններում:
– Այս հակաժողովրդական համակարգը 22 տարի թալանելուց ու ժողովրդին զրկելուց բացի՝ այլ բան չի արել: Հանրությունն էլ հիասթափված է, այդ հիասթափության մեջ էլ երանությամբ են հիշում կոմունիստական ժամանակաշրջանը: Ժողովուրդը լավ է տրամադրված մեր նկատմամբ եւ մեզ ձայն է տալու:
– Հասարակական որոշ շրջանակներում տեսակետներ հնչեցին, որ Կոմկուսին ընտրապայքարի մեջ է «մտցրել» իշխող ՀՀԿ-ն՝ նաեւ ֆինանսապես աջակցելով, որպեսզի Հայ ազգային կոնգրեսից ձայներ խլեն:
– Մինչեւ քարոզարշավը սկսելը Կոմկուսին քի՞չ էին զրպարտում: Զրպարտությունն ու սուտը ինչքան լկտի լինի՝ հավատացողներն այնքան շատ կլինեն: Մեզ զրպարտողներն են ՀՀԿ-ի հիմնական հենարաններից մեկը: Նրանք, ովքեր ավազակապետության մասին հայտարարություններ արեցին, հետո իջան ներքեւ՝ մինչեւ անգամ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Ես ժամանակին հենց «Առավոտի» միջոցով եմ ասել, որ Հայ ազգային կոնգրեսը հայ ազգային կատակերգություն է, եւ դա ցույց տվեց նրանց անցած ճանապարհը: Տեսնում են, որ էլ հաջողություններ չունեն… էդ դուք եք եկել ՀՀՇ-ի կերպարանքով՝ երկիրը թալանել, քամուն տվել, 13 միլիարդը թալանել, կեղծ վաուչերիզացիա արել… ամբողջ հանրապետությունը ձեզ լավ է ճանաչում՝ ՀԱԿ-ի տակ մի թաքնվեք:
Ինչ վերաբերում է ՀԿԿ-ի ու ՀՀԿ-ի համագործակցությանը, ֆինանսավորմանը… ի՞նչ անեմ, անուննե՞ր տամ, թե ՌԴ-ի հայ համայնքից ովքեր են ինձ օգնել: Այդ իրենք եւ իրենցից «ծնվածներն» են, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթի են կանգնել, որի մասին դեսպանատունն էլ հայտարարություն արեց. թող ուղտը չնստեն ու կուզեկուզ ման գան, ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է: Եթե ՀՀԿ-ն է մեզ ֆինանսավորում՝ ինչի՞ էր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում՝ համաձայն է, որ երկիրը կոմունիստներն ու դաշնակները ղեկավարեն: Որովհետեւ իրենք զգացին, որ ղեկավարելու ունակ չեն, մակերեսային են տեսնում երկրի ապագան:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ