Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ հաշվարկ

Ապրիլ 25,2012 12:32

Եվ այսպես, այսօր ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրարշավում իր հույսը կապում է նրա հետ, որ ԲՀԿ-ն, բավականաչափ ձայներ հավաքելով, կկարողանա Սերժ Սարգսյանի նկատմամբ դրսեւորել ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կեցվածք, ինչի արդյունքում ներկայիս նախագահի իշխանությունը կթուլանա, եւ առաջիկա նախագահական ընտրություններում ավելի լավ շանսեր կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա անուղղակի հաստատումը փոխադարձ ռեւերանսներն են, Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի ընդդիմադիր ելույթներն են, ինչպես նաեւ այն, որ առաջին եւ երրորդ նախագահի քարոզչությունը սեւեռվել է «Ժառանգության» վրա, կարծես թե շատ կարեւոր է, թե կունենա՞ այդ կուսակցությունը 5-7 հոգանոց խմբակցություն, թե՞ ոչ:

Մի խոսքով, ՀԱԿ-ը, զգալով, որ չունի բավականաչափ սեփական մարդկային եւ նյութական ռեսուրսներ, որոշեց «ռեժիմի դեմ» պայքարել ԲՀԿ-ի ռեսուրսների միջոցով: Մի կողմ թողնենք, թե որքանով է դա, ի վերջո, վնասելու «ռեժիմին», որի արմատները շատ ավելի խորն են, քան որեւէ կուսակցության կամ որեւէ անհատի (այդ թվում՝ երեք նախագահների) «չար կամքը»: Խնդիրն այն է, որ, հաշվարկը, ինձ թվում է, հիմքից սխալ է. նման պահվածքով ՀԱԿ-ը իր ընտրողներին նվիրում է ԲՀԿ-ին:

Եթե դու ծայրահեղ ընդդիմադիր ես, ունես որոշակի հեղինակություն եւ ասում ես, որ նույն իշխանության մեջ կան անտանելի, ազգակործան, աղետաբեր ավազակներ` ի դեմս ՀՀԿ-ի, եւ քիչ թե շատ տանելի, «կիսամարխոշ» եւ նույնիսկ մի քիչ էլ համակրելի ավազակներ` ի դեմս ԲՀԿ-ի, դա նշանակում է կոչ անել քվեարկել ոչ թե սեփական քաղաքական ուժի, այլ հենց ԲՀԿ-ի օգտին: Ինչո՞ւ է այդպես Հայաստանի պայմաններում. 1/ որովհետեւ մեր պահպանողական եւ զգուշավոր քաղաքացիները, որպես կանոն, չեն գնում ծայրահեղականների, բղավողների, հայհոյողների ետեւից եւ գերադասում են «իշխանության մեջի ժողովրդի մասին մտածողներին», 2/ որովհետեւ ոչ միայն մեր երկրում, այլեւ ամենուր ընտրողները հարցին պրագմատիկ են մոտենում. եթե նրանք չեն ուզում ընտրել իշխանությանը, ապա համախմբվում են մյուս բեւեռից առավել ուժեղի, «անցնելու» առավել մեծ շանսեր ունեցողի շուրջ: Այդպես, 96 թվականին Սերգեյ Բադալյանի կոմունիստական ընտրազանգվածի զգալի մասն անցավ Վազգեն Մանուկյանին, 98-ին վերջինիս էլեկտորատը փոխանցվեց Կարեն Դեմիրճյանին եւ այլն:

Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն՝ չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով՝ ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից: Կասկածում եմ ուրիշ բանում՝ այդ իր ալտրուիստական խաղերից հետո ՀԱԿ-ը կհավաքի՞ 7 տոկոս ձայն: Հուսով եմ, որ կհավաքի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30