Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 28-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իսկ խրախուսական մրցանակներ են հանձնվել Ջավախքի ու Արցախի` Հայաստանում սովորող առավել բարձր առաջադիմություն ունեցող մոտ 250 ուսանողների: Այդ ծրագրի համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է ավելի քան 130 հազար դոլարին համարժեք դրամ:
Նախապես կազմված աշխատանքային ծրագրի համաձայն` հաջորդ փուլում նախատեսվում է պարգևատրել Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի մինչև 300 լավագույն մանկավարժների: Ինչպես ուսանողների, այնպես էլ մանկավարժների պարգևատրման ցուցակները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, քանի որ օբյեկտիվորեն «Տաշիր» բարեգործական հիմնադրամը չի կարող տիրապետել համապատասխան տեղեկատվությանը` կապված թե ուսանողների առաջադիմության, թե մանկավարժների աշխատանքային հաջողությունների կամ մասնագիտական ունակությունների հետ:
Սփյուռքահայ գաղթօջախներում մայրենի լեզու դասավանդող լավագույն մանկավարժները պարգևատրվելու են Սփյուռքի նախարարության հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, ըստ որի՝ հիմնադրամը նախարարության կողմից անցկացվող համապատասխան մրցույթի համակազմակերպիչ է: Սփյուռքահայ մանկավարժների անունները ներկայացնում է Սփյուռքի նախարարությունը:
Ուսուցիչների պարգևատրման արարողությունը, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված էր անցկացնել ապրիլի 30-ին: Սակայն «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշեց հետաձգել պարգևատրման արարողությունը, որպեսզի գեղեցիկ այս նախաձեռնությանը որևէ կերպ քաղաքական աստառ չտրվի:
Կարդացեք նաև
Չնայած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընտրական շրջանում տվյալ ծրագիրն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա, սակայն, հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով մասնակցում է խորհրդարանական ընտրություններին` շահարկումների թեկուզ փորձերից խուսափելու նպատակով որոշվեց արարողությունն իրականացնել ընտրություններից հետո` մայիսի 14-ին: Մեզ համար ցանկալի չէ, որ բարեգործական նախաձեռնությունը ինչ-որ կերպ կապվի քաղաքական գործընթացների հետ: Հավելենք, որ ճիշտ նույն պատճառով նախորդ ծրագրի մեջ չեն ընդգրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողները: Ամենայն հավանականությամբ, ՀՀ քաղաքացի հանդիսացող բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսման խնդրին մենք լրացուցիչ կանդրադառնանք առաջիկայում: Ընտրություններից հետո հավելյալ կտեղեկացնենք նաև հետագա այլ ծրագրերի ու նախաձեռնությունների մասին:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար՝ Արտակ Ճաղարյան