Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում գործում է մանկապարտեզ: Հիմնարկի աշխատակիցները գեղեցիկ ձեւավորել են նախադպրոցական հաստատության միջանցքը, լավ պայմաններ ստեղծել երեխաների կրթության համար: Մանկապարտեզի 2 խմբեր են հաճախում 41 երեխաներ:
Մանկապարտեզի տնօրեն Մարիետա Սարուխանյանն ասում է, որ գյուղի նախադպրոցական տարիքի եւս 20 երեխա ցանկանում է մանկապարտեզ հաճախել, սակայն նրանց ընդունելու հնարավորություն չունեն: Դրա համար հարկ կլինի նոր աշխատատակիցներ ընդունել, երեխաների սննդի համար հավելյալ ծախսեր կատարել: Ներկայումս Չորաթանի մանկապարտեզն ունի 11 աշխատակից: Նախկինում ծնողներից երեխաների սննդի վարձ չէին հավաքում, դրա այս տարեսկզբից սննդի համար ամսական 1000 դրամ են գանձում: Սահմանամերձ համայնքի 2012թ. բյուջեն 16 միլիոն 178 հազար դրամ է, որից 12.2 միլիոնը ՝պետական լրավճար: Համայնքի սուղ բյուջեից 3 միլիոն դրամը հատկացվում է գյուղի մանկապարտեզին՝ աշխատողների աշխատավարձի, երեխաների սննդի գումարների եւ մանկապարտեզի պահպանման այլ ծախսերի համար: Խնդիր է նաեւ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերի ցածր լինելը:
– Առավոտից իրիկուն աշխատում ենք, 25 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, սահմանամերձ գյուղի մանկապարտեզ է, ճիշտ կլինի, որ պետբյուջեն այն ֆինանսավորի,- ասում է մանկապարտեզի դաստիարակչուհի Օֆելյա Քալանթարյանը:
Կարդացեք նաև
Սոցիալական դժվարին վիճակի, կուլտուր-կենցաղային վատթար պայմանների պատճառով Չորաթանից արտագաղթը շարունակվում է, չորաթանցիները հիմնականում Մոսկվա են տեղափոխվում: Սահմանամերձ գյուղում գրանցված 1100 բնակիչներից փաստացի առկա է 850-ը: Գյուղապետարանի տվյալներով՝ 2011թ. Չորաթանում եղել է 12 ծնունդ, 17 մահ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ