Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր խոստումներից եւ ոչ մեկը Օբաման չհարգեց»

Ապրիլ 25,2012 10:36

«Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կորցրեց ցեղասպանությունը ճանաչելու վերջին հնարավորությունը», – համոզված են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նրանց կանխատեսմամբ` Միացյալ Նահանգներում բնակվող հայության մեծ մասը, ի տարբերություն 2008 թվականի, կարող է չքվեարկել գործող նախագահի օգտին:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. – «2008-ին ամերիկահայ գաղութը Օբամայի օգտին քվեարկեց` հետեւելով նրա խոստումներին: Օբաման ասում էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կհզորացնի Հայաստանի եւ Ամերիկայի կապերը, խոստացավ նաեւ հստակ ու արդար կեցվածք ունենալ Ղարաբաղի հարցում: Այս խոստումներից եւ ոչ մեկը Բարաք Օբաման չհարգեց»:

«Չորս տարի շարունակ ապրիլի 24-ին նա հնարավորություն ուներ ճանաչել ցեղասպանությունը, բայց չարեց դա», – ընդգծեց Չուլջյանը։

Նրա խոսքով` Օբաման նաեւ որեւէ քայլ չկատարեց Հայաստանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այստեղ Օբաման դիմեց ակնհայտ ոչ հայանպաստ քայլի` Մեթյու Բրայզային նշանակելով Բաքվում ամերիկյան դեսպանի պաշտոնում. – «Մենք տեսանք, թե ինչ տեսակի թեկնածու Օբաման ներկայացրեց Բաքվում դեսպանի պաշտոնում` Մեթ Բրայզան: Հիմա հստակորեն երեւում է, որ նա ադրբեջանամետ կեցվածք է ունեցել այդ ժամանակաշրջանում»:

«Այս բոլորն առիթներ էին Օբամայի համար` կատարելու սեփական խոստումները, ընդլայնելու Հայաստանի հետ կապերը: Նա այդ առիթներից չօգտվեց, եւ կարծում եմ, որ սրա հետեւանքը մենք կտեսնենք նոյեմբերին` քվեատուփերի մոտ», – համոզված է Չուլջյանը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30