Հատվածներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից:
– Կարելի՞ է ասել, որ մրցապայքարը գնում է կոալիցիոն ուժերի միջեւ, եւ Դուք մի կողմում եք մնացել։
– Հիմնական պայքարը գնում է ընտրակաշառք վերցնողին հավաքագրելու գործում։ Պետք է նկատել, որ ՀՀԿ-ն վարչական լծակները շատ ավելի է ծառայեցնում, իսկ ԲՀԿ-ին կրիմինալ տարրերն են աջակցում, ինչպես նաեւ խոսակցություններ կան 1 ձայնի համար 10-30 հազար դրամ խոստումների մասին, որին, ցավոք, սպասում է նաեւ ժողովրդի ինչ-որ շերտ։ ՕԵԿ-ը նույնպես օգտվում է վարչական ռեսուրսներից՝ գյուղապետերի մի մասը, եթե ոչ կեսը պաշտպանում է ՕԵԿ թեկնածուին։
– Պարոն Մակեյան, ասացիք, որ ԲՀԿ–ն զերծ չի մնում ընտրակաշառքի խոստումներից, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրվում երեք կուսակցությունների միասնական շտաբում ԲՀԿ–ի՝ ազատ–արդար ընտրությունների վերահսկման աշխատանքներին մասնակցելը։ Շտաբում ԲՀԿ–ն հայտարարում է, որ պայքարելու է նորմալ ընտրությունների անցկացման համար, իսկ դրանից դուրս…
Կարդացեք նաև
– ԲՀԿ-ի մասին մեր կուսակցությունը, ինչպես նաեւ ՀԱԿ-ը, ոչ մեկ անգամ իր տեսակետներն արտահայտել է։ Բայց հիմա, քանի որ մենք գտնվում ենք մի թիմի մեջ, մենք այդ խաղի կանոնները պահպանում ենք եւ փորձում ենք շտաբների մակարդակով համագործակցություն սկսել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ «Ժառանգության» հետ։ Այդուհանդերձ տեսնում ենք, որ ԲՀԿ թեկնածուի հիմնական լծակն ընտրակաշառքն է, եթե իրենք այդ ընտրակաշառքից հրաժարվում են, այդ թեկնածուն այլեւս որեւէ գործոն չէ։ Սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին։ Հիմա ԲՀԿ-ն ինքը պետք է վերեւից որոշի՝ խաղի այդ կանոնները դադարեցնի՞, թե՞շարունակի, բայց մենք փորձում ենք պաշտպանել միասնական շտաբի սկզբունքները, որովհետեւ ակնհայտ է, որ այն դրական նստվածք է տալիս ժողովրդի մոտ։
– Պարոն Մակեյան, ճի՞շտ հասկացա՝ ԲՀԿ–ին կարելի է ընտրակաշառք բաժանել, ՀՀԿ–ին՝ ո՞չ։ Եթե պայքարում եք, ինչո՞ւ եք տարբերություն դնում երկու ուժերի միջեւ։
– Ես դրա համար, իմ հարցազրույցում նկատեցիք, որ երկուսին էլ նույն հարթության մեջ դրեցի եւ չտարանջատեցի, ասում եմ՝ եւ նա, եւ մյուսը, եւ ՕԵԿ-ը աշխատում են իմ նշած հարթության մեջ, եւ միասնական շտաբի գոյությունից հետո իրենց (նկատի ունի ԲՀԿ-ի՝ Լ. Շ.) գործելաոճի մեջ փոփոխություն չեմ տեսել, չեմ նկատել, դրա համար էլ ես հրապարակում եմ։
– ԲՀԿ–ի գործողություններում փոփոխություն չեք տեսնում, փոխարենը շատերն են ՀԱԿ–ի վարքագծում փոփոխություն տեսնում, որ վերջինս կարծես աչք է փակում ԲՀԿ–ի խախտումների վրա եւ պատրաստ է սերտ համագործակցել նրա հետ։ Սա, ըստ Ձեզ, ճի՞շտ մարտավարություն է։
– Ես իմ տեղը եւ կուսակցության անունից կարող եմ պատասխան տալ, բայց ամբողջ ՀԱԿ-ի անունից չեմ կարող դա անել։
– Ձեր համար ընդունելի՞ է ՀԱԿ–ի նման վարքագիծը։
– Դե գիտեք, քաղաքական դաշտում ես ավելի ուղիղ եւ ավելի պարզ հանդես գալու կողմնակից եմ եւ գտնում եմ, որ դա ճիշտ չէ։ Առավել եւս, որ ես վստահ չեմ, որ ԲՀԿ-ն կարող է մինչեւ վերջ ազնիվ լինել։ Բայց եթե հույս կա, եւ Կոնգրեսի ղեկավարությունը գտնում է, որ հնարավոր է, որ դարձի գան, տա Աստված, որ դա ստացվի, ես էլ սխալվեմ։ Եթե դարձի չեկան, կհայտնվենք
նույն ցիկլի մեջ, ինչպես 2008-ին Արթուր Բաղդասարյանից հետո։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»