Քնարիկ տատի մայրը` Համասփյուռը
Քնարիկ տատը 85 տարեկան է, 2 եղբայր ունի, սակայն երբեք չի մոռանում իր 2 քույրերին և մեկեղբորը, որոնց երբեք չի տեսել: Նրանցից երկուսը մահացել են գաղթի ճանապարհին, իսկ մեկի ճակատագիրը անհայտ է. այդ մասին նրան իր մայրը`Համասփյուռն է պատմել: Ըստ նրա` ընտանիքը Վանից գաղթել էր Նախիջևանի Ակուլիս գյուղը: Ապրիլի 23-ի գիշերը տեղեկանում են, որ թուրքերը գալիս են: Անդրանիկ զորավարի ուղեկցությամբ գյուղի բնակչությունը գիշերը ճանապարհ է ընկնում դեպի Արևելյան Հայաստան: Համասփյուռի աղջիկներից մեկը հիվանդ է լինում և ամբողջ ընթացքում լաց է լինում, Անդրանիկի պահանջով Համասփյուռը երեխային թողնում է մի ծառի տակ և շարունակում ճանապարհը, որպեսզի թուրքերը չլսեն լացի ձայնը և չհարձակվեն իրենց վրա . «Մայրս մեզ պատմում էր` երեխես պաչամ, դրամ ծառի տակ, որ ամերիկացիները հետևներիցս գան, վերցնեն, տանեն որբանոց: Հետո` մինչև վերջ հավատում էր, որ էդ երեխեն գտնվելու ա»,- հիշում է Քնարիկ տատը:
Ճանապարհին պետք է գետ անցնեին, Համասփյուռի ամուսինը` Խալաթը, երեխաներից մեկին կտորով կապել էր իր դոշին, վարարած գետն անցնելիս ջրի հոսանքը երեխային պոկում և տանում է: Երրորդ երեխան էլ սովից է մահանում: Այնուհետև գալիս են Արևելյան Հայաստան և 3 երեխա էլ այստեղ ունենում` Քնարիկին և իր 2 եղբայրներին:
Քնարիկ տատը իր մոր պատմածներից հիշում է նաև իր հորեղբայրների պատմությունը:
«Նրանցից մեկը Կարապետ Ֆիդային էր: Իր ջոկատով սարերում էին թաքնվում, գիշերներն իջնում էին, թուրքերին ջարդում ու էլի բարձրանում սարերը: Ամբողջ գյուղին ինքն էր ուժ տալիս: Հետո թուրքերը բռնում են նրան, ձեռքը կտրում, հագցնում սրի վրա ու ամբողջ գյուղով թափ տալով գնում ու ասում` էլ պաշտպան չունեք, թևաթափ ենք արել ձեզ: Էս ա էն ձեռքը, որ պաշտպանում էր ձեզ»: Մյուս հորեղբայրն էլ էր նույն գյուղում ապրում իր 5 երեխաների հետ: Թուրք հարևան ունեին, որոնց հետ մտերմություն էին անում: «Երբ ջարդերը սկսվում են, այդ թուրքը նրանց տանում և իր տան նկուղում թաքցնում է` ասելով. «Սպասեք, կգան կանցնեն, գիշերով կփախնեք»: Բայց թուրքերն իմանում են, որ էդ մարդու տանը հայեր կան, գալիս հարցնում են` քո տունը «գյավուր» կա՞, հանի, էս թուրքն ասում ա` չկա: Նրանց ընտանիքին ստիպում են, որ տնից դուրս գան ու վառում են տունը»:
Քնարիկ տատն արցունքն աչքերին է հիշում մոր ողբերգական մահը: Համասփյուռը կյանքի վերջին տարիներին խելագարվել էր. ամեն անգամ անցյալը հիշելիս անմարդկային ձայնով գոռում էր: Նայում էր պատին ու կողքիններին, ասում. «Նայեք, նայեք, էլի Անդրանիկն ա անցնում»:
Լիլիթ Սարգսյան