Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի միջոցառումներ Հունաստանում

Ապրիլ 24,2012 20:50

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի և ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից, կայացավ Պատերազմի թանգարանի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Պաուլոս Երուլանոսը, Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գրիգորիոս Նիոտիսը, Ատտիկիի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն, Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Բանախոսությամբ հանդես եկավ հայտնի գիտնական, արվեստագետ և վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:

Ցուցադրվեցին երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով և պատմական լուսանկարներով:

Արարողությանը հաջորդեց քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության, Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

Ապրիլի 23-ին Աթենքում Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել: Արարողության սկզբում ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարվեց Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանի գլխավորությամբ, ելույթներ ունեցան Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, հայ համայնքի ներկայացուցիչ Ալիս Ֆարաճյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ս. Ցուլակիսը: Արարողության ավարտին «Զանգակ» հուշակոթողին դրվեցին ծաղկեպսակներ ՀՀ դեսպանության, ՀՀ ռազմական կցորդի և հայ կուրսանտների, հունահայ համայնքային կառույցների և քաղաքական կուսակցությունների, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի կողմից:

Նույն օրը երեկոյան կայացավ հունահայ երիտասարդության ավանդական երթը դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն:

Ապրիլի 22-ին Սալոնիկի նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում:

Հունահայոց ազգային վարչության անունից ելույթով հանդես եկավ Ակիս Դագազյանը, միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Հունաստանի վարչապետի անունից՝ Հունաստանի ենթակառույցների, տրանսպորտի և կապի փոխնախարար Իոաննիս Մակրիոտիսը, Կենտրոնական Մակեդոնիայի Նահանգապետի պաշտոնակատար Դիոնիսիս Փսոնիադիսը, փոխնահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Գրիգոր Մարուքյանը: Բանախոսեց դասախոս Իլիաս Կուսկուվելիսը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ կայացավ Հայաստանի դեսպանության, համայնքային կազմակերպությունների եւ հունական իշխանությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ողջույնի խոսքով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչները, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչը, քաղաքապետի ներկայացուցիչը: Բանախոսեց պատմաբան Վլասիս Ախձիդիսը՝ Հայոց ցեղասպանության պատմական և քաղաքական շրջագիծը թեմայով:

ՀՀ դեսպանի ուղերձը ներկայացրեց ՀՀ հյուպատոս Մարատ Մելիքյանը:

Ձեռնարկից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Ալեքսանդրապոլիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ տեղադրված խաչքարի առջև կատարվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո զետեղվեցին ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին և 25-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ նաև Հունաստանի Քսանթի և Կոմոթինի քաղաքներում:

Բոլոր միջոցառումներին ներկա էին Հունաստանի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և հայկական կառույցների անդամներ: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:

ՀՀ ԱԳՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30