Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական դրոշներ անգամ քոսոտ «Մոսկվիչների» վրա ու ժպտացող Մոցարտ

Ապրիլ 24,2012 19:59

Հասկանում եմ, որ քարոզարշավ է, բայց արդեն հոգնել եմ անգամ քոսոտ «Մոսկվիչների» պատուհաններից դուրս պրծած կուսակցական դրոշներից: Ամեն անգամ խոհանոց մտնելիս նայում եմ սառնարանի վրա փակցված հուշանվերներիս ու մտածում` չլինի ինչ-որ հրաշքով սրանք էլ փոխակերպված լինեն կուսակցական դրոշակների: Ու տարբեր երկրների տեսարժան վայրերը, Վանա կատուս, սառնարանի դռան վրայից ինձ ժպտացող Մոցարտս ու մնացած կերպարներս, բարեբախտաբար, տեղում տեսնելով, հանգիստ շունչ եմ քաշում…
Բոլոր կուսակցությունները առատ խոստումներ են տալիս` գրավոր եւ բանավոր, ասում են` լավ է լինելու իրենց շնորհիվ, ոմանք շռայլ կամ ժլատ ընտրակաշառքներ բաժանում, ու էդ ամենից էլ ավելի է խորանում հասարակության ու իրենց միջեւ եղած անջրպետը: Բայց մի բան պարզ է, որ բոլոր երկրներում բոլոր կուսակցությունները խոստումներ են տալիս:
Տարիներ առաջ, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուների առաջնորդության» ծրագրով, հայաստանցի մի խումբ լրագրողներ մեկնել էինք ԱՄՆ, Օհայո նահանգում ականատեսը եւ ունկնդիրը եղանք դեմոկրատների հանդիպմանը ընտրողների հետ: Այստեղ եւս թեկնածուները կրքոտ ելույթներ էին ունենում, ամեն ինչ երեւում էր 2 մեծ էկրանների վրա, իսկ սուրդոթարգմանիչների շնորհիվ դրանք մատչելի էին անգամ խուլուհամրերին: Դեմոկրատների էլեկտորատը հագել էր կապույտ շապիկներ (կապույտը՝ դեմոկրատների, իսկ կարմիրը՝ հանրապետականների գույնն է), շատերը կրում էին կրծքանշաններ՝ «Տեղից շարժենք Օհայոն», «Բուշին պետք է վռնդել», «Օհայոն կկապտի» մակագրություններով, որոնք բաժանվում էին ներս մտնողներին, իսկ $8-ով շապիկներ` բոլոր թեկնածուների նկարներով, վաճառվում էին ամենուր: Պատկերացնում եմ` ինչ ռեակցիա կառաջանար հայաստանցիների մոտ, եթե որեւէ մեկը, ասենք, գեներալ Մանվելի, Արտաշես Գեղամյանի կամ մեկ ուրիշի դեմքով շապիկով «ֆռֆռար», հաստատ կքառատվեր:
Դառնալով ամերիկացիներին, հավելեմ, որ այնտեղ էլ դեմոկրատ թեկնածուներն էին գոռում, թե լճացած վիճակ է, եւ միայն իրենք կարող են ծաղկեցնել երկիրը: «Հանրապետականներին պետք է ուղարկել գործազուրկների բանակը համալրելու»,- ամբիոնից կոչ էր անում մեկ ուրիշը իրենց պատկերացմամբ իրենց երկրի «ավազակապետության» մասին: «Հիմա ինչ ժամ է»,- հիստերիկ շարժուձեւով ու արտիստիզմով թեկնածուներից մեկը ճչում էր միտինգին: «Մե՛ր ժամն է»,- ի պատասխան գոռում էր հավանաբար մյուս ուժի կարծիքով` «հոգեխանգարմունքի» հասած, «նեյրոլինգվիստիկ ծրագրավորման զոհ» ամբոխը…
Խոստովանենք, որ այս ամենը տհաճ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30